15 սեպտեմբերի 2011 - 17:50 AMT
Միջադեպերը հայկական բանակում մեծապես կապված են տարածաշրջանի ընդհանուր լարվածության հետ

Միջադեպերը հայկական բանակում մեծապես կապված են տարածաշրջանի ընդհանուր լարվածության հետ: Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը: Ըստ նրա, իրավիճակը խրամատներում շատ լարված է, քանի որ զինվորները անընդհատ պատերազմի սպառնալիքի տակ են գտնվում. «Ծառայել նման պայմաններում բավականին բարդ է»:

Անդրադառնալով հանրության շրջանում հնչող քննադատությանը բանակում հաճախակի դարձած միջադեպերի վերաբերյալ, Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ հաճախ այդ քննադատությունն օբյեկտիվ չէ: «Ես չէի ցանկանա արդարացնել կատարվածը, սակայն, միջադեպեր տեղի են ունենում բոլոր բանակներում և ոչ ոք դրանից ապահովագրված չէ»,-ասել է նա: Նա նաև խորհուրդ է տվել վերոնշյալ քննադատներին հաճախակի լինել խրամատներում: Ըստ նրա, դա լավ կանդրադառնա զինվորների վրա, «քանի որ զինվորները ևս կիմանան, թե ում են ծառայում, քննադատները կտեղեկանան, թե ինչ է այնտեղ կատարվում»:

Վերջերս հանրությունը սկսել է ավելի բուռն արձագանքել բանակում կատարվող միջադեպերին: Մասնավորապես, սուր արձագանք ստացավ Աղասի Աբրահամյանի դեպքը: Օգոստոսի 26-ին ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանն անգիտակից տարվել է հոսպիտալ, որտեղ մահացել է: Բժշկական փորձաքննության արդյունքում մահացածի մարմինի վրա հայտնաբերվել են արտաքին ներգործության հետքեր, և հարուցվել է քրեական գործ: Նա նաև հաղորդել է, որ բացահայտվել է մարդկանց շրջանակ, որոնք կարող են առնչություն ունենալ Աղասի Աբրահամյանի մահվանը:

ԼՂՀ ՊԲ Ասկերանի մարտակետում սպանվել է Էջմիածնի զինկոմիսարիատից զորակոչված, 19-ամյա Հայկ Մկրտչյանը: Հաստատվել է արդեն, որ նրան սպանել է ծառայակից Լենդրուշ Նազլուխանյանը: Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ ՔՕ 104 հոդվածով: