15 սեպտեմբերի 2011 - 17:55 AMT
Մահմուդ Աբբասը կոչ է արել արաբական պետություններին աջակցել Պաղեստինի անդամակցությանը ՄԱԿ-ին

Պաղեստինյան ազգային վարչակազմի ղեկավար (ՊԱՎ) Մահմուդ Աբբասը կոչ է արել արաբական ժողովուրդներին դուրս գալ սեպտեմբերի 23-ի ցույցի` ՄԱԿ-ին Պաղեստինի պետության անդամակցությանն աջակցելու համար:

«Այդ օրն արաբների և պաղեստինցիների` ՄԱԿ դիմելու օրն է»,- ասել է Պաղեստինի առաջնորդը հեռուստաեթերի ժամանակ, գրում է ՌԻԱ Նովոստին:

Եգիպտական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Աբբասը հույս է հայտնել, որ սեպտեմբերի 23-ին արաբները դուրս կգան ցույցի` ՄԱԿ-ին միանալու Պաղեստինի ձգտմանն աջակցելու համար:

Մարտին Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասն առաջին անգամ հայտարարել է, որ սեպտեմբերին դիմելու է ՄԱԿ` Հորդանան գետի Արևմտյան ափին և Գազայի հատվածում 1967-ի սահմաններում պաղեստինյան պետության անկախությունը ճանաչելու համար: Այդ հայտարարությունն առաջացրել է Իսրայելի, ԱՄՆ-ի և մի շարք արևմտյան պետությունների կտրուկ արձագանքը, որոնք այդ քայլն անվանել են միակողմանի և հանդես եկել Իսրայելի հետ` իսրայելյան բնակեցումների հետ կապված հարցի պատճառով 2010-ի սեպտեմբերին ընդհատված խաղաղ բանակցությունների վերսկսման կողմից: