15 սեպտեմբերի 2011 - 18:06 AMT
2015թ. ըմբշամարտի ԱԱ անցկացման համար կմրցեն Սոչին և Լաս Վեգասը

Ստամբուլում, որտեղ ընթանում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, կայացել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (FILA) կոնգրեսը:

«FILA-ն 2013թ. աշխարհի առաջնության անցկացման վայր է հաստատել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտը: Ռուսաստանը Սոչիի թեկնածությունն է առաջադրել 2015 թվականի աշխարհի առաջնության անցկացման համար: Այն հիմնական ընտրական մրցաշարը կդառնա 2016թ. Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերից առաջ: Սոչիի մրցակիցը կլինի ամերիկյան Լաս Վեգասը»,- FILA եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Գեորգի Բրյուսովի խոսքն է մեջբերում gazeta.ru-ն:

Կոնգրեսում բարձրացվել է FILA-ին Կոսովոյի հանրապետության Ըմբշամարտի ֆեդերացիայի անդամակցության հարցը: Վերջինս անկախ անդամի կարգավիճակ չի ստացել: Դրան խոչընդոտել է մի շարք երկրների ազգային ֆեդերացիաների համաձայնեցված դիրքորոշումը:

«FILA-ն մինչև 2016թ. 6 մլն դոլարի հովանավորչական գործարք է կնքել ադրբեջանական ընկերության հետ, սա ամենախոշոր գործարքն է միջազգային ֆեդերացիայի պատմության մեջ»,- հավելել է Բրյուսովը: