Օմբուդսմենը դժգոհ է արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի «անհիմն» մերժումից

Օմբուդսմենը դժգոհ է արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի «անհիմն» մերժումից

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանրությանն արդեն հայտնի երեք դատավորների գործերով կարգապահական վարույթ հարուցելու հաղորդմամբ այժմ դիմում է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին:

Երեք քաղաքացիներ դիմել էին Մարդու իրավունքների պաշտպանին՝ համոզված, որ դատավորներն իրենց հանդեպ անարդար են գործել: Պաշտպանն ըստ օրենքի երեք դատավորների վերաբերյալ հաղորդումներ էր ներկայացրել ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին և իր հաղորդումների մասին իրազեկել հանրությանը: Դրան անմիջապես հետևել էին Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ դատական իշխանության տարբեր մարմինների անունից արված հրապարակային «հարձակումներ»՝ ապատեղեկատվության, իրավական ակտերի մոլորեցնող մեջբերումների, ապօրինի «հորդորների» և անգրագետ մեղադրանքների տեսքով:

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ բոլոր երեք գործերով ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը մերժել է վարույթի հարուցումը հետևյալ հիմնավորմամբ. «...ուսումնասիրելով հաղորդումը և հաղորդմանը կից նյութերը` գտել է, որ ... կարգապահական վարույթ հարուցելու հիմքերը բավարար չեն»։

«Այս չորստողանոց մերժումներում կար հետևյալ երկու թերացումը: Նախ, Պաշտպանի հաղորդումներին կից նյութեր երբևէ չէին ուղարկվել, հետևաբար կարելի է ենթադրել, որ կարգապահական հանձնաժողովը նույնիսկ տեղյակ չէ, թե ինչն է ուսումնասիրել: Երկրորդ, ՀՀ դատական օրենսգրքով կարգապահական վարույթ հարուցելու համար բավարար էօրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում թույլ տալու մասին առերևույթ հիմքերի առկայությունը, իսկ կարգապահական հանձնաժողովի կողմից գրության մեջ նշված այն փաստը, որ վարույթ հարուցելու «հիմքերը բավարար չեն», ենթադրում է, որ գոնե մեկ հիմք ամեն գործով կար, իսկ ՀՀ դատական օրենսգիրքը չի սահմանում վարույթ հարուցելու համար քանի հիմք է անհրաժեշտ: Նշված թերացումները մատնանշող Պաշտպանի գրությանն ի պատասխան՝ կարգապահական հանձնաժողովի գրավոր արձագանքում ասվում է, որ «տրվել է սպառիչ պատասխան»,- ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ:

Ամենևին սպառված չհամարելով գործընթացը և հետևողական վճռականությամբ շարունակելով պայքարը՝ Պաշտպանը հաղորդումներն այժմ էլ ներկայացրել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մյուս մարմնին՝ ՀՀ արդարադատության նախարարին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---