16 սեպտեմբերի 2011 - 14:08 AMT
«Չենք լռելուն» ֆիլմ է նկարահանել արցախցիների և «մադրիդյան սկզբունքների» մասին

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը պատրաստել է տեսաֆիլմ ղարաբաղյան բանակցությունների սեղանին դրված այսպես կոչված «մադրիդյան սկզբունքների» հանդեպ արցախցի ժողովրդի վերաբերմունքի վերաբերյալ:

Նախաձեռնությունից հայտնում են, որ նկարահանումները կատարվել են մի քանի օր առաջ Արցախի բոլոր շրջաններում: Տեսաֆիլմն ուղարկվել է Մինսկի խմբի համանախագահող երկրների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպաններին Հայաստանում:

«Ցավալի է, որ հայ ժողովրդի ազատատենչության և պապական հողերի վրա արարելու ցանկության արդյունքում արյան գնով վերամիավորված հայկական հողերն այսօր դարձել են մանրադրամ աշխարհի հզորների ձեռքում: Որպես արդյունք` առաջարկություններ և փաստաթղթեր` ծնված հեռավոր և անմասնակից կաբինետներում...Բայց սեփական հողի և ազատության ճակատագիրը որոշելու իրավունք ունի միայն ժողովուրդը: Եվ ոչ ոք այլևս»,- ասվում է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ: