16 սեպտեմբերի 2011 - 15:00 AMT
Արտյոմովսկի սլավոնական խմբավորումները ցանկանում էին միավորվել հայկական հանցավոր խմբավորման դեմ

ՌԴ Սվերդլովսկի շրջանի Արտյոմովսկ քաղաքում ոստիկանների կանխած զանգվածային ծեծկռտուքը, որի մասնակիցները զինված էին կացիններով, մականներով ու հրազենով, քաղաքի երկու խոշորագույն սլավոնական խմբավորումների հավաք էր: Ըստ ոչ պաշտոնական տվյալների, «Կոմերսանտին» հայտնի է դարձել, որ Արտյոմովսկի սլավոնական խմբավորումները ցանկանում էին միավորվել հայկական հանցավոր խմբավորման դեմ, որն այժմ վերահսկում է քաղաքի բիզնեսի առավել շահավետ ոլորտները: Աղբյուրները չեն բացառում, որ «սլավոնականների» հավաքի մասին իրավապահներին հենց հայերն են հայտնել:

Մյուս վարկածով, որը հաղորդում է «Իզվեստիան», դա կազակների ոչ պաշտոնական միավորման ու Լեսնոյ շրջանի երիտասարդական խմբավորման հանդիպում է եղել, որտեղ խմբավորումների առաջանորդները որոշել են վերջ դնել դիմակայությանը:

Ըստ պաշտոնական տվյալների, գիշերը հատուկ նշանակության ստորաբաժանումների աշխատակիցները կասեցրել են զանգվածային ծեծկռտուքը Արտյոմովսկում: Բոլոր մասնակիցները բերման են ենթարկվել: Ոստիկանությունում հայտնել են, որ ծեծկռտուքի պատճառը առաջնություն հաստատելու համար պայքարն է:

Բոլոր ձերբակալվածներին հաջորդ օրն ազատ են արձակել: