16 սեպտեմբերի 2011 - 15:01 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ութ տարվա ընթացքում «Արաբկիր» բժշկական համալիրի հիվանդների թիվը եռապատկվե՞լ է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքի «Արաբկիր» մանկական բժշկական հաստատություն, որտեղ Հանրապետության ղեկավարին ներկայացվել են «Արաբկիր» բժշկական համալիր-Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի 2007-2011թթ. զարգացման ծրագրի արդյունքները՝ ուղղված մանկաբուժական ծառայության բարելավմանն ու պոլիկլինիկական մասի ստեղծմանը: Բժշկական համալիրում նախագահը ծանոթացել է վերանորոգված և ժամանակակից սարքավորումներով վերազինված հիվանդանոցային պոլիկլինիկայի ու մանկաբուժական բաժանմունքները ներառող նորակառույց եռահարկ մասնաշենքի պայմաններին:

Ինչպես հայտնել է Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Արաբկիր» միացյալ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արա Բաբլոյանը, բժշկական համալիրը հիվանդանոցային բուժօգնություն է մատուցում տարեկան ավելի քան ինը հազար, իսկ արտահիվանդանոցային՝ ավելի քան քսան հազար երեխաների, դեռահասների, ինչպես նաև մեծահասակների: «Եթե 2002թ. հիվանդանոցն ուներ 10.600 հիվանդ, որոնցից 3 600 հիվանդանոցային բուժում է ստացել, ապա 2010թ. հիվանդների թիվը կազմել է 29 000 մարդ, որից 9 000 ստացել է հիվանդանոցային բուժում: Եվս 8000 քրոնիկ հիվանդ գտնվում է մեր հսկողության տակ, նրանք ստանում են անվճար բժշկական օգնություն»,-ասել է նա: Նա նշել է նաև, որ հիվանդանոցը տարիներ շարունակ համագործակցում է արտասահմանցի մասնագետների հետ: «Բացի այդ մեր հիվանդանոցի 180 աշխատակից կրթություն է ստացել արտերկրում»,-ասել է նա՝ հավելելով, որ հիվանդանոցի ղեկավարությունը նաև սեմինարներ է կազմակերպում տարվա ընթացքում, որպեսզի հիվանդանոցի աշխատակիցները հետ չմնան իրենց արտասահմանցի գործընկերներից:

Շրջայցի ժամանակ Հանրապետության ղեկավարին ներկայացվել է, որ նախկինում ամբողջովին խարխլված և կիսավեր մանկաբուժական մասնաշենքն անցած հինգ տարիներին ամբողջությամբ արդիականացվել է և ծառայելու է որպես հիվանդանոցային պոլիկլինիկա, իսկ մանկաբուժական բաժանմունքները տեղափոխվել են հիմնովին կառուցված նոր մասնաշենք:

«Արաբկիր» բժշկական համալիրը ներառում է երեք հիմնական ստորաբաժանումներ` «Արաբկիր» բժշկական կենտրոնը, «ԱրԲեՍ» առողջության կենտրոնը, Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը Երևանում, ինչպես նաև ութ մանկական վերականգնողական կենտրոններ` ՀՀ մարզերում:

ՖՈՏՈՇԱՐՔ