16 սեպտեմբերի 2011 - 16:51 AMT
Ճապոնիայում կայացել է ջութակահար Հրաչյա Ավանեսյանի մենահամերգը

Սեպտեմբերի 15-ին Ճապոնիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ և հովանավորությամբ Տոկիոյի հեղինակավոր համերգասրահներից մեկում՝ «Ասահի Հոլլ»-ում (Asahi Hall) տեղի ունեցավ հայ անվանի ջութակահար Հրաչյա Ավանեսյանի մենահամերգը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Միջոցառմանը, որն ընդգրկված էր Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված հանդիսությունների ցանկում, ներկա էին Ճապոնիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանի պատգամավորներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, խոշոր գործարարներ, մշակութային և գիտական կառույցների ներկայացուցիչներ:

Հրաչյա Ավանեսյանի կատարմամբ հնչեցին հայ և եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ, հայկական ժողովրդական մեղեդիների մշակումներ, որոնք մեծ խանդավառությամբ և բերկրանքով ընդունվեցին ճապոնացի հանդիսատեսի կողմից:

Հայ արվեստի ուժը լավագույնս արտահայտվեց ոչ միայն տաղանդաշատ ջութակահարի երաժշտությամբ, այլև այն հանգամանքով, որ Ճապոնիայում համերգ ունենալու առիթով միջազգային հիմնադրամներից մեկը նրան էր վստահել իտալացի մեծ վարպետ Անտոնիո Ստրադիվարիի 1717թ. պատրաստած գործիքը:

Ջութակահար Հրաչյա Ավանեսյանը բազմաթիվ հաջողություններ է ունեցել արտերկրում. Բելգիայի թագուհի Եղիսաբեթի անվան ակադեմիայում նրան է տրամադրվել իտալացի աշխարհահռչակ վարպետ Անտոնիո Ստրադիվարիուսի Piatti ջութակը, որի վրա երկար տարիներ նվագել է լեգենդար ջութակահար Նիկկոլո Պագանինին: Նա այս տարի պետք է մասնակցեր Չայկովսկու անվան միջազգային մրցույթում: Բանակի հետ կապված խնդիրներ ունենալու պատճառով նրան թույլ չեին տալիս մասնակցելու մրցույթում: ՀՀ մշակույթի նախարարության օժանդակությամբ նրան այնուամենայնիվ թույլ են տալիս մասնակցելու մրցույթին, սակայն նա չկարողացավ տեղավորվել ժամանակի մեջ և բաց թողեց մրցույթը: