16 սեպտեմբերի 2011 - 17:53 AMT
Կանգառներում տեղադրվելու են ժամանակացույց ցուցադրող էլեկտրոնային վահանակներ

Երևանի քաղաքապետարանը, հասարակական տրանսպորտի ոլորտում բարելավումների և ուղևորափոխադրումները կանոնակարգելու և առավել հարմարավետ դարձնելու նպատակով Երևանի կանգառասրահները համալրելու է էլեկտրոնային վահանակներով: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի կայքը։

Վահանակը միացված է GPS համակարգին և հաշվում ու ցուցադրում է երթուղու շարժակազմի ժամանմանը մնացած րոպեները:

Առայժմ փորձարկվում են համակարգի դետալները, ծրագրավորման ու սարքի համադրելիությունը:

«Համակարգի պիլոտային ծրագիրը կմեկնարկի ավտոբուսների նոր խմբաքանակի երթուղի դուրս գալուց հետո: Նոր ավտոբուսներում ներդրված է լինելու GPS համակարգը, ինչը հնարավորություն կտա լայնորեն փորձարկել, ապա ներդնել ծրագիրը»,- նշել է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» տնօրենի տեղակալ Վահագն Ծատուրյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերին մայրաքաղաքում կլինի նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը՝ 66 ավտոբուս։