16 սեպտեմբերի 2011 - 18:20 AMT
«Էկոլուր»-ը և «Չենք լռելու»-ն համատեղ պայքարում են հանուն Թռչկան ջրվեժի

«Էկոլուր» հասարակական կազմակերպությունը և «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը սկսում են համատեղ ահազանգերի շարք` «Բնությո՞ւն, թե՞ փող» ընդհանուր խորագրով:

Նրանց տարածած համատեղ հաղորդագրության մեջ նշվում է, որ առաջին ահազանգը վերաբերում է Լոռվա մարզի Թռչկան ջրվեժի ճակատագրին. «Բնության այդ չքնաղ հուշարձանի պահպանության պատասխանատվությունը կրում է ՀՀ բնապահպանության նախարարությունը: Նախարար Արամ Հարությունյանը «Թռչկան» ՓՀԷԿ-ի կառուցողին առաջարկել է կասեցնել բոլոր տիպի աշխատանքները և 10-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ, որոնք կապահովեն Թռչկան ջրվեժի պահպանությունը»:

«Չենք լռելու»-ն և «Էկոլուր»-ը տարակուսանք են հայտնում, թե ինչ առաջարկությունների մասին կարող է խոսք լինել, եթե և' ջրօգտագործման թույլտվությունը, և' բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը անօրինական են. Թռչկանի ջրվեժը ՀՀ կառավարության 2008թ. օգոստոսի 14-ի թիվ 967 որոշման համաձայն ներառված է բնության ջրագրական հուշարձանների ցանկում: Ավելին, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը:

«ԷկոԼուր»-ը և «Չենք լռելու»-ն ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանից պահանջում են չեղյալ համարել «Թռչկան» ՓՀԷԿ-ի ջրօգտագործման թույլտվությունը և բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը: