17 սեպտեմբերի 2011 - 10:37 AMT
Տիգրան Մուկուչյանը նշանակվեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Տիգրան Մուկուչյանը նշանակվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ: Այդ կապակցությամբ ՀՀ նախագահի 2011 թվականի հուլիսի 13-ի «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին» ՆՀ-127-Ա հրամանագրում կատարվել է համապատասխան փոփոխություն:

Օրերս թերթերն արդեն հայտնում էին, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ է նշանակվելու ՀՀ վերաքննիչ դատարանի արդեն նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանը: Հայկական գրեթե ողջ տպագիր մամուլը հաստատում է այս տեղեկությունը: Սեպտեմբերի 15-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նա ազատվել էր վերաքննիչ դատարանի ղեկավարի պաշտոնից:

Սեպտեմբերի 9-ի երեկոյան սրտի կաթվածից մահացել է Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը, ով զբաղեցնում էր այդ պաշտոնը 2003 թվականից:

Նա երկու ամիս առաջ վերընտրվել էր ԿԸՀ նախագահի պաշտոնում: