19 սեպտեմբերի 2011 - 14:24 AMT
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը վերսկսել է միջազգային ՎԻԶԱ, Մաստեր, ինչպես նաև ԱրՔա քարտերի սպասարկումը

Շուրջ 1 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրային ապահովման նորացման նախագծի արդյունքում Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը վերսկսել է իր բանկոմատներով միջազգային ՎԻԶԱ և ՄաստերՔարտերի, ինչպես նաև սկսում է ԱրՔա քարտերի սպասարկումը: Այս մասին սեպտեմբերի 19-ին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը: Բանկը դադարեցրել էր միջազգային քարտերի սպասարկումը 2009 թվականի նոյեմբերին` տեխնիկական և անվտանգության նկատառումներից ելնելով:

Ներկայում ավելի քան 50 բանկոմատ ներառող Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի բանկոմատների ողջ ցանցը պատրաստ է ընդունել և սպասարկել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային բանկերի կողմից թողարկված քարտերը, որոնք գործում են ԱրՔա, ՎԻԶԱ կամ ՄաստերՔարտ համակարգերում:

Ծրագրային նորացումը թույլ է տվել բանկին նաև նվազեցնել կանխիկացման համար սակագինը. ցածր գնով բարելավված ծառայություններ մատուցելուն ուղղված ևս մեկ քայլ: ԱրՔա-ի բոլոր քարտատերերի, ինչպես նաև զբոսաշրջիկների ու տեղական այլ բանկերի քարտատերերի համար իրենց միջոցները դառնում են ավելի հասանելի «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» ավելի քան 50 բանկոմատների շնորհիվ:

Բանկը նաև սկսել է թողարկել չիպային քարտեր, որոնք մագնիսական ժապավենով քարտերի համեմատ անվտանգության շատ ավելի բարձր երաշխիք են տալիս: Այս նպատակով կատարված ներդրումը կազմել է 150 հազար ԱՄՆ դոլար:

Քլիֆորդը հավելել է, որ ի լրումն 53 սովորական բանկոմատների, բանկը նաև գործարկել է Հայաստանում առաջին հընթացս բանկոմատը, որը գտնվում է Մյասնիկյան 20Ա հասցեում` «Արաքս» բենզալցման եւ տեխսպասարկման կայանում: Հընթացս բանկոմատը ինքնասպասարկման մի նոր բանկային լուծում է, որը 24/7 ռեժիմով առաջարկում է ստանդարտ բանկոմատների միջոցով մատչելի նմանատիպ բանկային ծառայություններ: