«Հայաստանը դու ես» լուսանկարների մրցույթում հաղթել է եռագույնը պատկերած փոքրիկը

«Հայաստանը  դու ես» լուսանկարների մրցույթում հաղթել է եռագույնը պատկերած փոքրիկը

PanARMENIAN.Net - «Հայաստանը դու ես» լուսանկարների մրցույթի հաղթող է ճանաչվել Նվեր Ղազարյանը։ «20-ամյա հանրապետությունում ապրող մանկանը հանձնիր յուղաներկեր և նա կընտրի եռագույնի երանգները: «Հայաստանը դու ես» լուսանկարների մրցույթի մասնակից Նվեր Ղազարյանի համար անկախությունն արտացոլված է եռագույնի երանգներն ընտրած մանկան հայացքում: Հենց այդ լուսանկարն էլ արժանացավ «Հայաստանը դու ես» լուսանկարների մրցույթի առաջին մրցանակին»,- ասվում է ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ:

Երկրորդ մրցանակին արժանացել է Ռազմիկ Փաշիկյանի լուսանկարը, իսկ երրորդը`Արման Ղարաջանյանն է: Երեք լավագույն լուսանկարի հեղինակները կստանան հավաստագիր և հուշանվերներ «Հայաստանը դու ես» կարգախոսով: Հատուկ մրցանակ ու հավաստագիր կստանա նաև Ֆեյսբուքում ամենից շատ հավանություն ստացած լուսանկարի հեղինակ Արմեն Ղազարյանը:

ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձին նվիրված «Հայաստանը դու ես» լուսանկարների մրցույթը մեկնարկել էր օգոստոսի 29-ին, վերջնաժամկետը սեպտեմբերի 16-ն էր: Մրցույթին ներկայացված լուսանկարները պետք է արտահայտեին անկախության գաղափարը և նվիրված լինեին ՀՀ Անկախության 20-րդ հոբելյանին: Կազմակերպիչների համար առաջնայինը լուսանկարների բովանդակությունն էր ու ստեղծագործական մոտեցումը, ապա նոր լուսանկարների որակը, քանի որ մրցույթը նախատեսված էր ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական լուսանկարիչների համար: Լուսանկարները տեղադրվում էին ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի ֆեյսբուքյան էջում:

Լուսանկարներում հիմնականում իշխում էր եռագույնը, շատ էին երեխաների մասնակցությամբ լուսանկարները: Մրցույթին ներկայացված լուսանկարների մեծամասնությունը հագեցած էին լավատեսական տրամադրությամբ, կային նաև Հայաստանի սոցիալական խնդիրները պատկերող լուսանկարներ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---