Չեխիայում Հայաստանի դեսպանը շնորհավորել է Պրահայի հայ համայնքի դպրոցականներին Անկախության տոնի առթիվ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանն այցելեց Պրահայի հայ համայնքի շաբաթօրյա դպրոցը: Այն հիմնադրվել է 1997 թվականին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության աշխատակից Արմեն Քոլոյանի կողմից և ունի շուրջ երեսուն աշակերտ: Դպրոցում դասավանդվում են հայոց լեզու և գրականություն, պատմություն, կրոնի և Հայ Առաքելական եկեղեցու պատմություն, ինչպես նաև ձեռագործություն, գեղանկարչություն և երգեցողություն:

Դեսպանը շնորհավորեց դպրոցի անձնակազմին, աշակերտներին և ծնողներին նոր ուսումնական տարվա մեկնարկի և Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ:

Իր խոսքում դեսպան Սեյրանյանը կարևորեց սփյուռքահայ կրթօջախների դերն ու նշանակությունը երիտասարդ սերնդի հայեցի կրթության և դաստիարակության, հայապահպանման և համայնքների համախմբման գործում: Հայաստանի դեսպանը համառոտ ներկայացրեց Չեխիայում Հայաստանի նորաբաց դեսպանության գործունեությունը և պատրաստակամություն հայտնեց աջակցելու դպրոցի աշխատանքներին:

Հանդիպման ավարտին դեսպան Սեյրանյանը պատասխանեց ներկաների հարցերին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---