Անկախության 20-ամյակ. Ֆրանսիական սենատում քննարկել են հայ-ֆրանսիական ապակենտրոնացած համագործակցությունը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14-ին Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Սերժ Լագոշի նախաձեռնությամբ Ֆրանսիայի Խորհրդարանի վերին պալատում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի հետ: Ֆրանսիական կողմից ներկա էին սենատորներ, Ազգային Ժողովի և շրջանային խորհուրդների պատգամավորներ, Հայաստանի շրջանների ու քաղաքների հետ համագործակցություն ծավալած Ֆրանսիայի մունիցիպալ իշխանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության պատասխանատուներ:

Խորհրդակցությունը վերաբերում էր Ֆրանսիա-Հայաստան ապակենտրոնացված համագործակցության խնդիրներին: Սենատոր Լագոշը ամփոփեց այս ոլորտում համագործակցության ընթացքը և տեղեկացրեց, որ առաջիկայում Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ լույս կընծայվի Սենատի` որպես տարածքային ինքնակառավարման հիմքի վրա ձևավորված մարմնի կողմից պատրաստված հատուկ բրոշյուր, ուր ամփոփված կլինեն Ֆրանսիա-Հայաստան ապակենտրոնացված համագործակցության առկա պատկերը և նախանշվող հեռանկարները:

Նա տեղեկացրեց, որ մոտ ապագայում նոր քայլեր են ձեռնարկվելու ապակենտրոնացված համագործակցությանը նոր լիցք հաղորդելու ուղղությամբ: Այս առնչությամբ մասնակիցները Սենատի անունից ողջունեցին հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովների պարբերական գումարումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---