ԵԽԽՎ-ն ծանր հարված կհասցնի իր հեղինակությանը` ընդունելով մարտի 1-ի վերաբերյալ բանաձևը, գտնում է ՀԱԿ-ը

ԵԽԽՎ-ն ծանր հարված կհասցնի իր հեղինակությանը` ընդունելով մարտի 1-ի վերաբերյալ բանաձևը, գտնում է ՀԱԿ-ը

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) կտրուկ քննադատել է 2008թ. մարտի 1-ի վերաբերյալ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) բանաձևի նախագիծը: «Բանաձևի նախագիծը պարունակում է մի քանի անընդունելի դրույթներ, որոնք արժեզրկում են տարիների ընթացքում կատարված աշխատանքը, անշտկելի հարված հասցնում Եվրոպայի Խորհրդի հեղինակությանը հայ հասարակության աչքում»,- ասվում է ՀԱԿ-ի հայտարարության մեջ: Դրանում նշվում է նաև, որ համոզմունք է առաջանում, որ ԵԽ համապատասխան ինստիտուտները որդեգրել են մի քաղաքական գիծ, որն ուղղված է Հայաստանում իշխանությունը կեղծված ընտրությունների և սեփական ժողովրդի դեմ համատարած բռնությունների և մարդկային զոհերով ուղեկցված բռնաճնշումների կիրառման միջոցով յուրացրած վարչախմբի դիրքերի ամրապնդմանը և նրա կողմից մարդու իրավունքների և ժողովրդավարական ազատությունների սիստեմատիկ ոտնահարման կոծկմանը: «Հոկտեմբերին կայանալիք լիագումար նիստում այս նախագծին հավանություն տալու դեպքում ԵԽԽՎ-ն ծանր հարված կհասցնի սեփական հեղինակությանն ու կապացուցի, որ ԵԽԽՎ-ն և նրա համապատասխան կառույցները զբաղված են ոչ թե ժողովրդավարության բնագավառում Հայաստանի պարտավորությունների կատարմամբ և երկրում ժողովրդավարական ինստիտուտների կայացմամբ, այլ բռնության, կեղծարարության և անպատժելիության մթնոլորտի խորացմանը նպաստելով»,- ընդգծում է ՀԱԿ-ը:

Սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած ԵԽԽՎ հերթական նստաշրջանի ընթացքում ներկայացվել է դիտարկման խմբի անդամներ Ջոն Փրեսկոտի և Աքսել Ֆիշերի զեկույցը, որում հանձնաժողովը ողջունել է ուժերին, որոնք քաղաքական կամք են դրսևորել այդ հարցի լուծման հարցում ԵԽ նորմերին համապատասխան: Ընթացիկ տարվա գարնանը համաներում հայտարարելը, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների կառուցողական մոտեցումը 2008-ի մարտի 1-2-ի հակակառավարական ցույցերի ընթացքում 10 քաղաքացիների մահվան գործով հետաքննությանը, թույլ են տալիս մարտյան իրադարձությունների մասին գործը փակված համարել, հաղորդում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը:

Հայկական ընդդիմությունը` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որն իր թեկնածությունն էր առաջադրել 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ և պարտվեց Սերժ Սարգսյանին, փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հանրահավաքներ էր անցկացնում` իր դժգոհությունն արտահայտելով քվեարկության արդյունքների կապակցությամբ: Բողոքի ցույցերը մարտի 1-2-ին անկարգությունների և ոստիկանության հետ ցուցարարների բախումների վերածվեցին: Գլխավոր դատախազության տվյալներով, տուժեց մոտ 200 մարդ, տասը զոհվեցին, իսկ բերման ենթարկվեց ավելի քան 100 մարդ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---