1 մայիսի 2003 - 19:37 AMT
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ
Իրանի արտգործնախարար Քամալ Խարազիի Հայաստան այցելության նպատակներից մեկը ԻԻՀ նախագահ Մոհամմադ Խաթամիի Երեւան կատարելիք պաշտոնական այցի նախապատրաստումն էր: Ինչպես եզրափակիչ մամլո ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավարը, այդ այցի ժամկետները դեռեւս որոշված չեն եւ կախված են մի շարք համատեղ նախագծերի պատրաստվածության աստիճանից, մասնավորապես` սահմանամերձ Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանի, Քաջարանի թունելի եւ Իրան-Հայաստան գազատարի շինարարությունը: Նրա խոսքերով, ներկայումս գոյություն ունեն Իրանից Հայաստան գազի առաքման շատ տարբերակներ եւ «կիրականացվի այն, որը ավելի նպատակահարմար կլինի երկու երկրների համար»: Անդրադառնալով Թեհրանի արտաքին քաղաքական գերակայություններին` Ք.Խարազին հայտարարել է, որ «Կովկասի տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը Իրանի ազգային շահերի անքակտելի մասն են կազմում»: Նա կրկին ընդգծել է, որ այդ կարեւոր տարածաշրջանում առկա խնդիրները պետք է լուծվեն բացառապես այստեղ բնակվող ժողովրդների ջանքերով: Նրա խոսքերով, Թեհրանը հանդես է գալիս տարածաշրջանային անվտանգության համակարգի ձեւավորման օգտին եւ նպատակահարմար է գտնում 3+3 բանաձեւը` Հայաստան, Ադրբեջան, Վրաստան + Ռուսաստան, Իրան, Թուրքիա: Նման համակարգի ստեղծման հեռանկարների վերաբերյալ` այն հանգամանքներում, երբ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Վրաստանն ու Ադրբեջանը արդեն թակում են Դաշինքի դռները, Իրանի նախարարը նշել է.«Մենք գտնում ենք, որ Կովկասի ժողովրդների հասունության մակարդակը բավարար է անվտանգության նման համակարգեր ստեղծելու համար»: