20 սեպտեմբերի 2011 - 11:11 AMT
Հիլարի Քլինթոնը քննարկել է հայ-թուրքական հարաբերությունները Թուրքիայի ԱԳ նախարարի հետ

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ընդունել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին, հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը: Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-թուրքական հարաբերությունների հարցը:

Ինչպես նշել է Պետդեպարտամենտի մամլո քարտուղարը ճեպազրույցում, Քլինթոնը հիշեցրել է Դավութօղլուին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը զարգացնելու անհրաժեշտության մասին:

Քլինթոնը նաև Դավութօղլուի հետ քննարկել է որոշ տարածաշրջանային հարցեր, մասնավորապես, նշել է, որ ողջունում է արաբական աշխարհում կատարվող հեղափոխությունները, որոնց սատարեց Թուրքիան: Բացի այդ, Քլինթոնը կոչ է արել Թուրքիային «դուռը բաց պահել» Իսրայելի հետ հարաբերություններում: «Երկու պետությունն էլ ԱՄՆ դաշնակիցներն են»,-ասել է պետքարտուղարը:

Սեպտեմբերի 17-ին Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ԱՄՆ աջակցության կարիքը չունի Իսրայելի հետ խնդիրների լուծման հարցում:

Քլինթոնը նաև շնորհակալություն է հայտնել թուրք նախարարին իր տարածքում ԵվրոՀՀՊ համակարգերի տեղադրման համար: ՀՀՊ համակարգերի տեղակայման մասին որոշումն ընդունվել է անցյալ տարի ՆԱՏՕ-ի Լիսաբոնում կայացած գագաթաժողովում: