20 սեպտեմբերի 2011 - 16:29 AMT
ԿԱՐԾԻՔ
Yandex-ն էլ թրքաֆիկացվեց, որովհետև թուրքերենը բիզնեսին փող է բերում

Այսօր ռուսական Yandex ընկերությունը հայտնեց իր որոնողական համակարգի՝ Yandex.ru-ի թուրքական տարբերակի՝ yandex.com.tr-ի թողարկման մասին։ Yandex-ը հպարտությամբ հայտնում է, որ որոնման ժամանակ համակարգը հասկանում է անգամ ուղղագրական սխալները և ճիշտ որոնում կատարում։ Ըստ Yandex-ի՝ սա ամբողջապես նոր արտադրանք է և ոչ Yandex-ի տեղայնացում։ Եվ սա ամենը չէ։ Yandex նորությունները թուրքերոնով նույնպես հասանելի են և Yandex-ը գրասենյակ է բացել Թուրքիայում։

Առաջին պահին լուրը լսելիս զարմանու՞մ ես, թե ռուսներին թուրքերենն ի՞նչ։ Հետո մի պահ զայրանում ես ու մտածում՝ էլի թուրքերը։ Բայց եթե մի կողմ ես թողնում բոլոր էմոցիոնալ զգացումները և տրամաբանում, ապա հստակ հասկանում ես Yandex-ի քաղաքականությունը։

Yandex-ը բավականին ճանաչում ունեցող որոնողական համակարգ է, վերջերս թողարկել էր անգլերեն լեզվով որոնումները։ Իհարկե, ինչպես ցանկացած ընկերություն, Yandex-ը նույնպես ցանկանում է ընդլայնել դաշտում իր դիրքերը, գրավել միջազգային լսարաններ։ Իսկ բոլոր խոշոր ընկերությունները, ինչպիսին Google-ն է, Twitter-ը կամ Foursquare-ը, ավելացնում են լեզուները և բոլորն էլ ունեն թուրքերեն տարբերակները, ինչը նորմալ է, քանի որ թուրքերը աշխարհի ցանկացած երկրում մեծ քանակություն են կազմում, հատկապես Եվրոպայում։ Թուրքական լսարանը մեծ թիրախ է ընդլայնվելու համար։ Հնարավոր է Yandex-ի հաջորդ լեզուն լինի չինարենը, մյուսը՝ հնդկերենը։ Սրանք այն լեզուներն են, որոնց տիրապետում են շատ շատերը։

Հայաստանը դեռ շատ բացեր ու խնդիրներ ունի տեղեկատվական տեխնոլոգիաների և համացանցի ոլորտում։ Եթե ողջ հայ հասարակության համար սովորական դառնա ինտերնետի ճիշտ, օգտակար օգտագործումը և ինտերնետային բովանդակության հայաֆիկացումը, ապա միանշանակ, կգա այն օրը, երբ խոշոր ընկերությունները կսկսեն կարևորել նաև հայախոս լսարանը։

Լուսինե Պառավյան / PanARMENIAN News