20 սեպտեմբերի 2011 - 16:58 AMT
«Ամերիա» ՓԲԸ-ն նպաստում է արդյունավետ պետական կառավարման համակարգի ձևավորմանը

«Ամերիա» ՓԲԸ-ն և Breckenhill ընկերությունը (Կանադա) հաջողությամբ ավարտեցին «ՀՀ կառավարության արդյունքների մոնիտորինգի և աշխատանքային գործընթացների մշակման կարողությունների զարգացում» ծրագիրը

«Ամերիա» ՓԲԸ-ն` Breckenhill կանադական խորհրդատվական ընկերության հետ համատեղ հանդես են եկել որպես ՀՀ կառավարության խորհրդատու «ՀՀ կառավարության արդյունքների մոնիտորինգի և աշխատանքային գործընթացների մշակման կարողությունների զարգացում» ծրագրի իրագործման ընթացքում: Հիշյալ ծրագիրը, որը բարեհաջող իրագործվեց, ֆինանսավորվել է Համաշխարհային բանկի ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամի կողմից: Ծրագրի նպատակն է զարգացնել արդյունավետ պետական կառավարման համակարգ` կատարողականի գնահատման վստահելի, գործող և օբյեկտիվ համակարգի ներդրման միջոցով, ասվում է բանկի մամլո հաղորդագրության մեջ:

Ծրագիրը բաղկացած էր վեց թեմատիկ փուլերից, որոնց իրականացման ընթացքում Խորհրդատուն մշակեց երկու հիմնական մեթոդաբանություն` աշխատանքային գործընթացների վերլուծության մեթոդաբանություն և աշխատանքային գործընթացների մշակման մեթոդաբանություն: Նշված մեթոդաբանությունների հիման վրա իրականացվեցին յոթ պետական գերատեսչությունների աշխատանքային գործընթացների վերլուծությունները, որոնց հիման վրա էլ մշակվեցին տվյալ գերատեսչությունների օրինակելի աշխատանքային գործընթացները:

Ծրագրի արդյունքները ներդրվեցին ՀՀ կառավարության աշխատակազմում և ծրագրի փորձնական շրջանի համար ընտրված վեց նախարարություններում, որոնք են` ՀՀ ֆինանսների նախարարությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ մշակույթի նախարարությունը, ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը:

Ծրագրի իրականացման ընթացքում Խորհրդատուն տեղայնացրել է միջազգային լավագույն փորձը` հաշվի առնելով ՀՀ պետական համակարգի առանձնահատկությունները և պահանջները: Փորձի փոխանակման արդյունքում շահառու գերատեսչությունները հետագայում ի վիճակի կլինեն ինքնուրույն իրականացնել նմանատիպ աշխատանքները: