20 սեպտեմբերի 2011 - 17:11 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Երևանը պատրաստ է սեպտեմբերի 21-ի տոնական միջոցառումներին

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, նախապես շնորհավորելով ՀՀ անկախության 20-ամյակի և «Էրեբունի-Երևան» տոնի կապակցությամբ, ամփոփել է տոնական միջոցառումների նախապատրաստական աշխատանքները: Քաղաքապետարանից հայտնում են, որ զեկուցվել է՝ կազմակերպչական աշխատանքներն ավարտված են և մայրաքաղաքը պատրաստ է հավուր պատշաճի դիմավորել տոնը: Միջոցառումները մեկնարկելու են վաղ առավոտից և շարունակվելու են մինչև կեսգիշեր:

Սեպտեմբերի 21-ին Երևանում նախատեսվում է անցկացնել 22 միջոցառում, որոնցից առաջինը կլինի ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսը Հանրապետության հրապարակում։ Նախատեսվում են նաև մի շարք համերգներ։ Ջազ կարելի է լսել Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, հեղինակային երգերի կատարումներ՝ Մոսկովյան պուրակում, դասական երաժշտության բեմ տեղադրված կլինի Կոմիտասի արձանի հարակից պուրակում, իսկ Սասունցի Դավիթ արձանի հարևանությամբ կհնչեն ազգագրական կատարումներ։ «Հերոսական բալլադ» համերգ-ներկայացումը կբեմադրվի Հանրապետության հրապարակում, որտեղ օրը կեզրափակեն տոնական հրավառությունն ու դիսկոտեկը։ Մետրոն կգործի մինչև ուշ գիշեր։

ՖՈՏՈՇԱՐՔ