«Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորում է բոլոր հայերին Հայաստանի Անկախության տոնի առթիվ

«Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորում է բոլոր հայերին Հայաստանի Անկախության տոնի առթիվ

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը շնորհավորել է Հայաստանի քաղաքացիներին և բոլոր հայերին Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ: Կուսակցության մամլո ծառայության տարածած շնորհավորական նամակում, մասնավորապես, ասվում է. «Դժվար էր անկախության ճանապարհը, վճարված գինը` շատ թանկ. դա նախևառաջ հազարավոր հայ հերոսների կյանքն էր, ովքեր ընկան հանուն Արցախի ազատագրման և հանուն Հայաստանի ինքնիշխանության: Հայաստանի անկախության համար պայքարը յուրաքանչյուր հայի պատվի ու պատասխանատվության գործն էր: Ամեն ոք իր տեղում` դաժանագույն պայմաններում, մաքառում էր ռազմաճակատում ընդհանուր հաղթանակն ապահովելու համար: Արցախյան հերոսամարտին համընթաց` մենք ստիպված էինք հաղթահարել աղետալի երկրաշարժի հետևանքները, թուրք-ադրբեջանական շրջափակման հարուցած ծանր իրավիճակը, վերջապես` ԽՍՀՄ փլուզման արդյունքում ստեղծված տնտեսական ճգնաժամը: Այն դժնի օրերին մեր կողքին էր ողջ աշխարհի հայությունը, ում նյութական, բարոյական և քաղաքական աջակցությունը մեծ դեր խաղաց Անկախության պաշտպանման գործում, իսկ մեր հայրենակիցներից շատերը մաս կազմեցին համազգային հաղթանակի կերտմանը:

Մենք չպետք է նաև մոռանանք այն բարեկամ երկրների քաղաքական աջակցությունն ու հսկայական ֆինանսական օգնությունը, առանց որի մեզանից կպահանջվեին շատ ավելի մեծ զոհողություններ:

Առաջին և Երկրորդ հանրապետություններից տնտեսական, գիտակրթական ու մշակութային հարուստ ժառանգություն ստացած, 21-րդ դարի նախաշեմին հիմնադրված և ազատագրական պատերազմում հաղթանակած Երրորդ հանրապետությունը գոյության 20 տարիների ավարտին պետք է դարձած լիներ հայոց երազանքների մարմնավորումը, հազարամյակների ընթացքում երբևէ գոյություն ունեցած հայկական պետականությունների դափնեպսակը:

Ցավոք սրտի, այդպես չէ. նորանկախ Հայաստանը տակավին տառապում է անարդարությունների, անօրինությունների և անազատության ախտից: Մնում է հուսալ, որ անցած երկու տասնամյակների բոլոր իշխանությունների անխոհեմ, երբեմն էլ` նեղ անձնական շահադիտությունները սպասարկող քաղաքականության փոխարեն, ի վերջո, կունենանք ազգային-պետական մտածողություն, արդյունավետ կառավարում և ճիշտ ռազմավարություն, որոնք Հանրապետության հիմնադիր հանդիսացող բոլոր սոցիալական խավերին, բոլոր քաղաքացիներին կբերեն ապահով ու բարօր ապագա, և հայն այլևս իրեն օտար չի զգա սեփական հայրենիքում, անվերադարձ չի հեռանա այլ երկրներ:

Եվ դրան հասնելու ենք բոլորս միասին` ուժերի մեկտեղմամբ, նոր քաղաքական այլընտրանք առաջարկելով և Հանրապետության հիմնադիր քաղաքացիների երազանքների պետությունը կերտելու հանձնառությամբ: Հանո'ւն Ազատության, հանո'ւն Քաղաքացու, հանո'ւն Հայաստանի Հանրապետության:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---