20 սեպտեմբերի 2011 - 17:22 AMT
Հայաստանը շնորհակալ է Կանադային Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում սկզբունքային դիրքորոշման համար

Սեպտեմբերի 19-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանն իր հավատարմագրերը հանձնեց Կանադայի Գլխավոր նահանգապետ Դեյվիդ Ջոնսթոնին:

Գլխավոր նահանգապետը, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթելով հաջողություն այդ պատասխանատու աշխատանքում, համոզմունք հայտնեց, որ Հայաստանի դեսպանը իր գիտելիքներով և դիվանագիտական փորձով կնպաստի հայ-կանադական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը:

«Կանադայի իշխանությունները բարձր են գնահատում տարբեր բնագավառներում Հայաստանի հետ աճող դաշնակցային և գործընկերային հարաբերությունները: Մեր ժողովուրդները հպարտ են իրենց մշակույթային և առևտրային փոխգործակցության դրական ընթացքով: Ակնկալում ենք շարունակել ընդհանուր նպատակների իրագործմանն ուղղված մեր հետևողական քայլերը միջազգային ասպարեզում, մասնավորապես` Ֆրանկոֆոնիայի կազմակերպության միջոցով»,- նշել է Գլխավոր նահանգապետը:

Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում քննարկվեցին հայ-կանադական հարաբերությունները քաղաքական, տնտեսական և մշակութային հարթություններում, առկա բարեկամական կապերի զարգացմանն և ընդլայնման հեռանկարները:

Դեսպան Եգանյանը շնորհակալություն հայտնեց Հայոց Ցեղասպանության հարցում կանադական իշխանությունների որդեգրած սկզբունքային դիրքորոշման համար: