20 սեպտեմբերի 2011 - 17:27 AMT
Samsung-ը Bada պլատֆորմը կվերածի բաց կոդով ծրագրի

Samsung ընկերությունը մտադիր է իր բջջային օպերացիոն հարթակ Bada-ն 2012-ին դարձնել բաց կոդով հարթակ։ Այս մասին հաղորդում է Mashable-ը։Ընկերությունը պլանավորում է նաև Bada-ն այնպիսի հարթակ դարձնել, որը կծառայի ոչ միայն սմարթֆոններին, այլ սմարթ հեռուստացույցներին։

Այս մասին լուրը սակայն ընկերությունը դեռ չի հաստատել։ Լուրերը տարածվեցին միանգամից այն բանից հետո, երբ Google-ը գնեց Motorola Mobility-ն։ Այս քայլով Google -ն Android սմարթֆոն արտադրողներին գցեց անհարմար իրավիճակում։ Սա նշանակում է, որ Google-ը պետք է մրցակցի իր իսկ Android պլատֆորմով աշխատող սմարթֆոն արտադրող այլ ընկերությունների հետ։

Վերջերս, լուրեր էին տարածվել այն մասին, թե Samsung-ը պատրաստվում է գնել MeeGo կամ WebOS հարթակները։ Սակայն շուտով ընկերությունը ժխտեց այս մասին լուրերը։ HTC-ն և Samsung-ն Android սմարթֆոններ արտադրող ամենամեծ ընկերություններն են։

Samsung-ի ռազմավարությունը կարծես այլ է, չնայած ընկերությունը նշել էր, որ մտադիր չէ նոր օպերացիոն հարթակ գնել։ Դե իսկ Bada-ն, որը չի եղել հաջողակ և հանրաճանաչ հարթակ՝ վերափոխվելով բաց կոդով ծրագրի, հնարավոր է գրավի սմարթֆոնների շուկայում իր տեղն ու դերը։