20 սեպտեմբերի 2011 - 19:56 AMT
Կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության 20-ամյակին նվիրված հուշադրամ է թողարկել

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը թողարկել է Հայաստանի Հանրապետության 20-ամյակին նվիրված հուշադրամ:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապի վարչությունը, հուշադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, իսկ ներքևի մասում` անվանական արժեքը` «5000 դրամ»: Հուշադրամի եզրագծով «Հայաստանի Հանրապետություն» մակագրությունն է հայերեն և անգլերեն լեզուներով և թողարկման տարեթիվը` «2011»:

Հուշադրամի դարձերեսին պատկերված են արծիվ ու կռունկ` որպես հայ ազգի և պետականության հոգևոր ու ռազմական ուժի, ազատության ու խաղաղության խորհրդանիշեր: Վերևի մասում «Հայաստանի Հանրապետության 20-ամյակ» մակագրությունն է հայերեն լեզվով, իսկ ներքևում` Հայաստանի Հանրապետության 20-ամյակին նվիրված խորհրդանշանը` «2011»` եռագույն ձևավորմամբ:

Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Հարություն Սամուելյանը: Հուշադրամը հատվել է Ֆինլանդիայի դրամահատարանում, անվանական արժեքը 5000 դրամ է, մետաղը և հարգը` արծաթ, զանգվածը` 168,1գ, տրամագիծը` 63,0 մմ, տպաքանակը` 300 հատ: