Չեխիայում նշեցին Հայաստանի անկախության 20-ամյակը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-ին Չեխիայում Հայաստանի դեսպանությունը Պրահայի համանուն հյուրանոցում կազմակերպել էր ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի ծառայությունը:

Ընդունելությանը ելույթով հանդես եկավ Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, որը հյուրերին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության անցած 20-ամյա ուղին, ձեռքբերումներն ու հաջողությունները, արտաքին քաղաքականության հիմնական խնդիրներն ու առաջնահերթությունները: Իր խոսքում դեսպան Սեյրանյանն անդրադարձավ նաև հայ-չեխական հարաբերություններին և դրանց հեռանկարներին, Հայաստանի կառավարության եվրոպական օրակարգին, ինչպես նաև` երկրի հայ համայնքին:

Ընդունելությունն ուղեկցվում էր Չեխիայի հայ նկարիչների` անկախության հոբելյանին նվիրված ցուցահանդեսով և հանրահայտ դաշնակահար Վազգեն Վարդանյանի նվագակցությամբ:

Միջոցառմանը ներկա էին Չեխիայի խորհրդարանի օրենսդիր և գործադիր մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ, Չեխիայի ԱԳՆ և Պրահայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Չեխիայի հասարակայնության, մշակութային և գործարար շրջանակների ներկայացուցիչներ, չեխիայի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---