Սեֆիլյան. Մենք պետք է լինենք ոչ թե գործիք, այլ գործոն

Սեֆիլյան. Մենք պետք է լինենք ոչ թե գործիք, այլ գործոն

PanARMENIAN.Net - «Ձևավորել ազգային առաջնահերթ մի օրակարգ և համախմբվել այդ նպատակի շուրջ»,- ողջ հայությանն ու, առավել ևս, հայ երիտասարդությանը կոչ է անում «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։ Նա նշում է, որ այդ օրակարգն այսօր մեկն է` օր առաջ հայ զինվորի հսկողության տակ գտնվող հայրենի տարածքում ստեղծել և կառուցել պետություն, և որ հենց այս գաղափարը պիտի լինի առաջիկա տարիներին հայությանը համախմբող, մոբիլիզացնող, գլխավոր գաղափարը:

«Մեզ` հայերիս, վերջին 20 տարիների ընթացքում չհաջողվեց պետություն ստեղծել, առավել ևս` հայկական պետություն: «Երրորդ հանրապետություն» կոչվող կազմավորման վախճանը մոտ է, և պետք չէ զուր փորձեր անել փրկելու մահամերձ հիվանդին, այլ պետք է այդ փլուզմանը զուգահեռ կառուցել նորը: Նորը` պայմանականորեն «Չորրորդ հանրապետությունը»: Ինչպես 1988 թվին Արցախի միավորման գաղափարն էր ողջ հայությանը միավորողը, համախմբողը, այսօր էլ մեզ այդպիսի մի համախմբող գաղափար է պետք: Ուստի ես կոչ եմ անում առաջիկա տարիներին այս օրակարգը դարձնել գլխավոր դրոշ և համախմբվել ողջ հայությամբ` կառուցելու հայկական պետություն: 15-20 տարի առաջ զոհողությունների և պատրաստակամության շնորհիվ մենք հաջողեցինք։ Այսօրվա խնդիրը ավելի բարդ չէ, քան 1991-1992 թվականներին էր, երբ մենք անպատրաստ հայտնվել էինք արցախյան ազատագրական պայքարի դաշտում` թվական ու զինական գերակշռություն ունեցող թշնամուն հանդիման։ Բայց մենք կարողացանք հաղթել:

Այսօր մեր առաջնային խնդիրն է նաև ձևավորել քաղաքական ընտրանի։ Դուք պիտի լծվեք մի աշխատանքի, որի համար անհրաժեշտ է և' միտք, և' ժամանակ, և' անձնական զոհողություններ: Իմ հորդորը նաև այն է, որ դուք ինքնավստահ լինեք, քանի որ ձեր մեջ արդեն կրում եք մեր ապագան` մեր պատկերացրած իսկական Հայաստանը: Մենք պետք է լինենք ոչ թե գործիք, այլ գործոն, որպեսզի մեզ հետ հաշվի նստեն: Իսկ գործոնի վերածվելու գլխավոր խնդիրը անկախ հայկական պետության ստեղծումն է»,- գրել է Սեֆիլյանը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---