22 սեպտեմբերի 2011 - 12:44 AMT
Վարչապետն առաջարկել է ընդդիմությանը դրական վարկանիշերի շուրջ բանավիճել միջազգային կազմակերպությունների հետ

«Ընդհանուր առմամբ պետք է արձանագրենք, որ բոլոր վարկանիշերը մեզ մոտ առաջընթաց են արձանագրում այն պարզ պատճառով, որ մենք իսկապես 2010-2011 թթ. մեծածավալ բարեփոխումների փաթեթ ենք ընդունել ձեզ հետ միասին, մի շարք օրենքներ ենք ընդունել և ակնհայտ է, որ այդ բոլոր ռեժիմների կիրառումը մեր ընդհանուր վարկանիշը բարելավում է»,- հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` բացելով կառավարության նիստը։

«Նախորդ նիստերից մեկում, հարգելի գործընկերներ, ես ձեր ուշադրությանը ներկայացրեցի տնտեսական վիճակը գնահատող որոշ ինդեքսներ։ Մասնավորապես, մեր երկրի վարկունակության ինդեքսը, որը հրապարակել էր միջազգային «Fitch Ratings» վարկանիշային կազմակերպությունը, արձանագրել էր մեր երկրի կայուն վիճակը, վարկունակության վարկանիշը թողել էր նույնը, իսկ կանխատեսումներն ապագայի նկատմամբ` կայուն։ Դրանից հետո հրապարակվել էր Ազգային մրցունակության զեկույցը, որը գնահատում է երկրների մրցունակությունը, և 142 երկրների շրջանակում մենք բարելավել էինք մեր դիրքը` վեց քայլով շարժվել առաջ։ Այս երկու շաբաթվա ընթացքում երկու նոր ինդեքսներ են հրապարակվել։ Առաջինը «Heritage Foundation»-ի ազատության ինդեքսն է, որտեղ մենք նույնպես արձանագրել ենք առաջընթաց, ինչը չափազանց կարևոր է ճգնաժամից հետո, երբ մեր բազմաթիվ ցուցանիշներ վատթարացել էին, բայց հիմա մտել ենք վերականգնման փուլ, և մեր ցուցանիշներն ընդհանուր առմամբ բարելավվում են. 180 երկրների ցանկում ազատության ինդեքսով զբաղեցնում ենք 36-րդ տեղը։ Դա բավական լավ ցուցանիշ է։

Մյուս ցուցանիշը, որ հրապարակվեց, Էլեկտրակապի միջազգային միության կողմից տեղեկատվական հասարակության չափման զեկույցն է, որտեղ նույնպես արձանագրվել է Հայաստանի առաջընթացը տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների զարգացման վարկանիշի ձևով, և կարևոր է, որ այս պահի դրությամբ մենք տարածաշրջանում այդ վարկանիշով առաջատարն ենք, Ադրբեջանից և Վրաստանից առաջ ենք գտնվում։ Եթե ազատության ինդեքսով մենք դեռևս Վրաստանին զիջում ենք (Վրաստանը 29-րդ տեղն է զբաղեցնում), ապա Ադրբեջանից շատ առաջ ենք, որովհետև Ադրբեջանն զբաղեցնում է 92-րդ տեղը, Թուրքիան` 67-րդը։ Տնտեսական ազատությամբ մեր վիճակն ավելի լավ է։

Այնպես որ, տոնական տրամադրություններին պետք է ավելացնենք լավատեսությունը, որի մասին են վկայում միջազգային վարկանիշային ցուցանիշները, ընդ որում` մեր ընդդիմախոսներն արդեն պետք է բանավիճեն ոչ թե կառավարության, այլ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ, որոնք այդ գնահատականները և ցուցանիշները հրապարակում են»,- ասել է վարչապետը։