22 սեպտեմբերի 2011 - 13:11 AMT
Հայաստանը մտել է տնտեսական ակտիվության փուլ, հայտարարել է Տիգրան Սարգսյանը

«Երեկ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է վիճակագրական ցուցանիշները, որոնք նույնպես վկայում են այն մասին, որ մենք արդեն մտել ենք տնտեսական ակտիվության փուլ»,- այդ մասին, բացելով կառավարության նիստը, հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Տնտեսական ակտիվության ինդեքսը դրական է. եթե այն համադրենք համախառն ներքին արդյունքի ինդեքսի հետ և փորձենք գնահատել, ապա կտեսնենք, որ այստեղ էլ ունենք աճ։

Փորձագիտական գնահատականներով ՀՆԱ-ի աճն այս պահի դրությամբ կազմում է 4.5 տոկոս, և դա նշանակում է, որ 2011 թ. մեր ծրագիրն ամբողջությամբ իրատեսական է։ Այս գնահատականին միաժամանակ պետք է ավելացնենք Կենտրոնական բանկի գնահատականները գնաճի վերաբերյալ, ըստ որի մենք ամբողջությամբ գտնվելու ենք թիրախային ցուցանիշների շրջանակներում, և այդ մակրոտնտեսական կարևոր ցուցանիշները 2011-ին մենք կատարելու ենք։

Աննախադեպ անկումից հետո գյուղատնտեսությունն արձանագրում է աճի բավական բարձր տեմպ, արդյունաբերությունը բավական բարձր տեմպերով է աճում. արտահանման աճի տեմպերը գերազանցում են ներմուծման աճի տեմպերին։ Դեռևս մենք լուրջ խնդիր ունենք շինարարության ոլորտում, որտեղ անկումը շարունակվում է։

Բայց շինարարության տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքի մեջ այս պահի դրությամբ կրկնակի նվազել է։ Մյուս կողմից տեղի է ունեցել տնտեսության դիվերսիֆիկացում, ինչը տնտեսական աճի տեսակետից նվազեցնում է տատանումների ռիսկերը։ Այսինքն` այնպիսի աննախադեպ անկում, որ մենք ունեցանք 2009-ին, այլևս մեզ չի սպառնում, որովհետև որևիցե ճյուղի զգալի անկումը չի կարող բերել 14 տոկոսանոց անկման»,- ասել է Տիգրան Սարգսյանը։