Հայաստանի անկախության տարեդարձը նշել են նաև հեռավոր Ճապոնիայում

Հայաստանի անկախության տարեդարձը նշել են նաև հեռավոր Ճապոնիայում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունը կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, միջոցառմանը, որը տեղի ունեցավ Տոկիոյի «Հոթել Օկուրա» հյուրանոցում, մասնակցեցին Ճապոնիայի արտաքին գործերի փոխնախարար Կազույուկի Համադան, Ճապոնիայի խորհրդարանի պատգամավորներ Հիսաշի Տոկունագան եւ Յուրիկո Կոիկեն, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ` ի դեմս Ճապոնիայի ԱԳՆ-ի, Միջազգային համագործակցության գործակալության (JICA), Ճապոնիայի արտաքին առեւտրի կազմակերպության (JETRO) ղեկավարության: Հայ ժողովրդին ուղղված շնորհավորանքներին միանալու նպատակով ընդունելությանը ներկա էին նաեւ դիվանագիտական ներկայացուցչությունների մի քանի տասնյակ ղեկավարներ, Ճապոնիա-Հայաստան ընկերակցության, հայ-ճապոնական բարեկամության միության անդամներ, ինչպես նաեւ երկրի ֆինանսատնտեսական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, համալսարանների ղեկավարներ, գործարարներ, արվեստագետներ եւ լրագրողներ:

Հայաստանի Հանրապետության քսանամյա հոբելյանի առիթով հյուրերին ողջույնի խոսք հղելով` դեսպանության խորհրդատու Հրանտ Պողոսյանն ընդգծեց, որ անկախություն հռչակելուց ի վեր Հայաստանի ժողովուրդը հաստատակամ է եղել իր նվաճումները պաշտպանելու, ժամանակակից եւ դինամիկ զարգացող տնտեսություն, ժողովրդավարական եւ սոցիալապես ապահով հասարակություն կառուցելու գործին: Նա նշեց, որ այս դժվարին տարիներին Հայաստանը միայնակ չի եղել` մշտապես վայելելով միջազգային հանրության, մասնավորապես` Ճապոնիայի ժողովրդի անշահախնդիր աջակցությունը, ինչը ծառայել է Հայաստանի ամրապնդմանը:

Իր շնորհավորական ելույթում Ճապոնիայի փոխարտգործնախարար Կազույուկի Համադան ջերմորեն շնորհավորեց Հայաստանի ղեկավարությանը, հայ ժողովրդին եւ աշխարհասփյուռ հայությանը հոբելյանի կապակցությամբ եւ նշեց, որ ինչպես Ճապոնիայի կառավարությունը, այնպես էլ Ճապոնիայի ժողովուրդը երբեւէ չեն մոռանա վերջերս Ճապոնիայում պատահած բնական աղետների ժամանակ Հայաստանի կառավարության, հայ ժողովրդի ցուցաբերած անկեղծ կարեկցանքն ու անշահախնդիր աջակցությունը:

Ընդունելությանը հնչեցին հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, ժողովրդական երաժշտություն, իսկ սրահում կազմակերպվել էր լուսանկարների ցուցադրություն՝ «Հայաստան. 20 ամյա ուղի» խորագրով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---