Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել Ռումինիայում

PanARMENIAN.Net - Հայաստանի անկախության 20-ամյակի տոնին նվիրված միջոցառումները Ռումինիայում սկսվեցին սեպտեմբերի առաջին տասնօրյակին: Գեորգեն քաղաքում, որը ժամանակին եղել է Տրանսիլվանիայի հայության կենտրոններից մեկը եւ մինչեւ այսօր պահպանում է հայկական ավանդույթներ, սեպտեմբերի 9-11-ին անցկացվեց Հայկական արվեստի փառատոն, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված հիմնական միջոցառումը սեպտեմբերի 9-ին Գեորգենի Տարիժնիաշ Մարտոն թանգարանում բացված «Հայաստանի 12 մայրաքաղաքներ» ցուցահանդեսն էր: Փառատոնին ցուցադրվեցին նաեւ Կաբդեբո Յանոշի լուսանկարները, Զաբել Էրմոնե Մարթայանի հեղինակած սրբապատկերները եւ Աթիլա Պուշկաշի ներկայացրած «Մեր հայկական գանձերը»:

Փառատոնի ծրագրում ընդգրկված էր նաեւ հայկական վավերագրական եւ գեղարվեստական ֆիլմերի ցուցադրություն, Գեորգենի եւ մոտակա Գեռլա (Արմենուպոլիս) քաղաքի հայկական երգչախմբերի համերգներ, Տրանսիլվանիայի հայության պատմության վերաբերյալ դասախոսություններ, ժամերգություն տեղի Սուրբ Մարիամ հայ կաթողիկե եկեղեցում:

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության 20-ամյակը նշվեց նաեւ Կոնստանցա քաղաքում: Տեղի Արհմիությունների մշակույթի տան սրահում տեղի ունեցավ Հայաստանին նվիրված դասախոսություն, որն ուղեկցվեց գեղարվեստական ծրագրով:

Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ սեպտեմբերի 21-ին Բուխարեստի «Nine O’Clock» անգլալեզու օրաթերթում լույս էր տեսել դեսպան Համլետ Գասպարյանի ստորագրությամբ հոդված:

«1991թ. դեկտեմբերի 11-ին Ռումինիան առաջիններից մեկը ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը, մի քանի օր անց` դեկտեմբերի 17-ին, Բուխարեստում ստորագրվեց դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ Համաձայնագիր:

Հարաբերությունների նման ընթացքը պատահական չէ. ռումին եւ հայ ժողովուրդների միջեւ գոյություն ունեն դարավոր սերտ կապեր. մենք մեկս մյուսին ընկալում ենք որպես յուրային` մոտ հոգեպես, պատմությամբ եւ մշակույթով»,- գրում է Հայաստանի դեսպանը:

Այնուհետեւ հոդվածում նշվում է, որ հայ-ռումինական երկկողմ համագործակցությունը հենվում է իրավապայմանագրային ամուր հիմքի վրա. մինչեւ այժմ կնքվել են չորս տասնյակից ավելի միջպետական պայմանագրեր եւ համաձայնագրեր: Գործում է Առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական խառը հանձնաժողովը, որի վերջին նիստը գումարվեց այս տարվա մարտին Բուխարեստում: Թեեւ տնտեսական կապերի բնագավառում տարբեր պատճառներով առայժմ լիովին չեն օգտագործվում առկա հնարավորությունները, անցյալ տարվա տվյալներով երկկողմ առեւտրաշրջանառության ծավալն աճել է գրեթե վեց անգամ: Սեպտեմբերի 8-ին ստորագրվել է մշակույթի, կրթության եւ գիտության բնագավառում համագործակցության ծրագիր 2011-2015թթ. համար, որով նախատեսվում է միջոցառումների լայն ցանկ: Հայաստանի դեսպանը հայ-ռումինական օրակարգի առանցքային օղակ է համարում եվրոպական կառույցների շրջանակներում հետզհետե խորացող համագործակցությունը, հատկապես Արևելյան գործընկերության շրջանակներում: «Այս առումով մենք տեսնում եւ գնահատում ենք այն ուշադրությունը եւ լրջությունը, որով Ռումինիան վերաբերվում է Արևելյան գործընկերության շրջանակներում ընթացող զարգացումներին, եւ հույս ունենք, որ նա իր եվրոպական ինտեգրման թարմ փորձով կնպաստի այդ քաղաքականությամբ սահմանված նպատակների իրագործմանը»,- գրում է դեսպանը: Հայաստանի անկախության եւ հայ-ռումինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի տոներին նվիրված հիմնական միջոցառումը նախատեսված է սեպտեմբերի 28-ին, Բուխարեստի հռչակավոր Աթենեուլ Ռոման սրահում, որտեղ ելույթ կունենան օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը, դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանը (Գերմանիա), ինչպես նաեւ ռումինահայ հռչակավոր ջազային դաշնակահար Հարրի Դավիդյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---