26 սեպտեմբերի 2000 - 22:37 AMT
ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՄՈԶՎԱԾ ԼԻՆԵՆ, ՈՐ ԵՐԿՈՒ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԼԻՆԵՆ ԿԱՅՈՒՆ ԵՎ ԱՄՈՒՐ»
Այսօր Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից ստորագրված «21 դարում ռազմավարական փոխգործության մասին» հռչակագիրը հաստատում է ոչ միայն ռուս-հայկական քաղաքական հարաբերությունների ներկայիս մակարդակը, այլեւ հայ եւ ռուս ժողովուրդների փոխհարաբերությունների բազմադարյան պատմության ընթացքում ձեւավորված կանոններին համապատասխան ապրելու երկու պետությունների ղեկավարների եւ ժողովուրդների ցանկությունը: Ինչպես Մոսկվայից հաղորդում է «ՄԵԴԻԱՄԱՔՍ» գործակալության հատուկ թղթակիցը, այսօր այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` «ՄԵԴԻԱՄԱՍՔԻ» խնդրանքով մեկնաբանելով հայ-ռուսական բանակցությունների արդյունքները:
Իր հերթին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասել է, որ բավարարված է Մոսկվայում կայացած բոլոր հանդիպումների արդյունքներով: Նրա խոսքերով, այս հռչակագիրը եւս մեկ քայլ է հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ:
Այսօր Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներ կունենա նաեւ ՌԴ Դաշնության Խորհրդի նախագահ Եգոր Ստրոյեւի եւ ՌԴ Պետդումայի նախագահ Գեննադի Սելեզնյովի հետ:-0-