22 սեպտեմբերի 2011 - 15:02 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանի երիտասարդական նվագախումբը սեպտեմբերի 26-ին սկսում է իր եվրոպական շրջագայությունը

Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 1-ը Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ելույթ է ունենալու եվրոպական մի շարք քաղաքներում, այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը: Սմբատյանի խոսքով, նրանք անընդհատ փորձերի մեջ են, որպեսզի լավագույնս ներկայանան եվրոպացի հանդիսատեսին: Նա նաև նշեց, որ եվրոպական շրջագայություններին մասնակցելու է 62 երաժիշտ: Նվագախմբի հետ հյուրախաղերին որպես մենակատարներ հանդես են գալու ջութակահարներ Սերգեյ Խաչատրյանը և Կարեն Հարությունյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, բարիտոն Գևորգ Հակոբյանը:

Համերգային ծրագրում ընդգրկված են Հենդելի, Վերդիի, Բախի, Շոպենի, Միրզոյանի, Չուխաջյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Առաջին համերգը կայանալու է Բրյուսելի «Պալայի դեբոզար» համերգասրահում, սեպտեմբերի 27-ին Բեռլինի «Կոնցեռտհաուս», սեպտեմբերի 29-ին Կարլզրուեի «Կոնցերտհաուս» և հոկտեմբերի 1-ին Հաագայի «Դոկ. Անտոն Ֆիլիպցալ» համերգասրահներում: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հիմնադրվել է 2006 թ-ին, պետական կարգավիճակ ստացել 2008-ին:

Նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է Սերգեյ Սմբատյանը: Երևանում նվագախումբը ելույթ է ունեցել այնպիսի աշխարհահռչակ երաժիշտների հետ, ինչպիսիք են` Վադիմ Ռեպինը, Նարեկ Հախնազարյանը, Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, Դենիս Մացուևը, Մաքսիմ Վենգերովը և ուրիշները: 5 տարիների ընթացքում նվագախումբը բազմիցս Հայաստանը պատվով ներկայացրել է աշխարհի տարբեր հանրաճանաչ դահլիճներում` Փարիզի «Օպերա գարնիեր», Բեռլինի «Կոնցերտհաուս», Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի մեծ համերգասրահում, Չայկովսկու անվան համերգասրահում (Մոսկվայի ֆիլհարմոնիա): Երաժիշտները վարպետության դաս են ստացել աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիևից: Երաժիշտների մեծամասնությունը Վլադիմիր Սպիվակովի բարեգործական հիմնադրամի կրթաթոշակառուներ են: Նվագախումբը հանդիսանում է նաև Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի կազմակերպիչը, սերտորեն համագործակցում է նաև «ՍՈՍ» մանկական բարեգործական հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղի հետ` երեխաներին հրավիրելով բոլոր համերգներին: Նվագախմբի հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

ՖՈՏՈՇԱՐՔ