22 սեպտեմբերի 2011 - 16:41 AMT
Հայկական պատվիրակությունը Վաշինգտոնում կմասնակցի հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստին

Սեպտեմբերի 22-ին ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Վաշինգտոն` Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին, ինչպես նաև Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպումներին մասնակցելու նպատակով: ՀՀ պատվիրակության կազմում են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը և այլ պաշտոնատար անձինք:

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը հանդիսանում է ԱՄՀ Հայաստանի Հանրապետության կառավարիչը և Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ՀԲ Հայաստանի Հանրապետության կառավարիչն է:

Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը հանդիպումներ կունենա Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF), Համաշխարհային բանկի (WB), Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA), Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) ներկայացուցիչների հետ:

Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր: Մասնավորապես քննարկումներ տեղի կունենան առևտրի և ներդրումների, մրցակցության, հարկային վարչարարության բարեփոխումներին, ինչպես նաև էներգետիկայի, ջրային ռեսուրսների, առողջապահության ոլորտներին առնչվող հարցերի շուրջ, հաղորդում է ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը:

Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովը ստեղծվել է 1992 թ.: Հանձնաժողովի աշխատանքների արդյունքում զգալիորեն կատարելագործվել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև իրավապայմանագրային բազան, նշանակալի զարգացում է գրանցվել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ոլորտում: Էական ձեռքբերումներ կան տրանսպորտի և կապի, գյուղատնտեսության, առողջապահության, զբոսաշրջության, մաքսային և այլ բնագավառներում: