Ոսկերչական արդյունաբերության ոլորտում Հայաստանում 6.5% աճ է գրանցվել

Ոսկերչական արդյունաբերության ոլորտում Հայաստանում 6.5% աճ է գրանցվել

PanARMENIAN.Net - 2011թ. վեց ամսվա արդյունքներով 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի ոսկերչական արդյունաբերության ոլորտում 4,7 մլրդ դրամի ապրանք է իրացվել` ապահովելով 6.5% աճ: Այդ մասին սեպտեմբերի 22-ին լրագրողներին է հաղորդել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության վարչության պետ Հայկ Միրզոյանը: Նրա խոսքով, աճ է գրանցվել նաև արտահանման գծով` կազմելով 4,4 մլրդ դրամ:

Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) ցուցահանդեսի շրջանակում Երևանում կայացել է «AJA դերը Հայաստանի ոսկերչական արդյունաբերությունը միջազգային ոսկերչական հանրությանը ինտեգրելու գործում» խորագրով համաժողով: Համաժողովի ընթացքում կքննարկվեն երկրի ոսկերչության ոլորտի զարգացման գործում Հայաստանի շահագրգռված պետկառույցների և առաջատար հայկական ոսկերչական ընկերությունների համագործակցության ճանապարհները:

«Հուսով ենք, որ ցուցահանդեսն ու համաժողովը թույլ կտան հայ ոսկերիչներին ավելի լավ ծանոթանալ Հայաստանի ներդրումային և բիզնես ոլորտին, որը վերջերս զգալի փոփոխությունների է ենթարկվել նոր արտադրությունների հարցում»,- ընդգծել է նա:

Հայկ Միրզոյանը նշել է, որ Հայաստանի ոսկերչական ոլորտում հետճգնաժամային շրջանում աճի միտումներ են դիտվում: «Կառավարությունը ոլորտում իր աջակցությունն է ցուցաբերում, մասնավորապես` անցյալ տարի որոշում ընդունվեց ոսկերչական ընկերությունների շրջանառությունը ԱԱՀ-ից ազատելու մասին: Այժմ ոլորտում ակտիվացում է նկատվում, հուսանք, որ այդ տեմպերը կպահպանվեն»,- ասել է նա: Ինչպես հաղորդել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության վարչության պետը, վկայակոչելով Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, ոլորտում ներկա պահին 31 ոսկերչական ընկերություն է գորոծւմ:

Սեպտեմբերի 21-23 անցկացվող եռօրյա ցուցահանդեսին մասնակցում են հայազգի ոսկերիչներ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում` Միացյալ Նահանգներից, Կանադայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Թայլանդից, Լիբանանից: «Yerevan Show» ցուցահանդեսում ներկայացված են սփյուռքահայ մեր հայրենակիցներին պատկանող շուրջ 65 հայտնի ոսկերչական ֆիրմաների գործերը, ինչպիսիք են «Էստետ», «Haytayan», «Bergio», «Tacori», «Waskol», «Yessayan Jewellery» և մի շարք այլ ընկերություններ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---