Բելառուսի հայ համայնքը հատուկ տոնական համերգ էր կազմակերպել Հայաստանի անկախության տոնի առթիվ

Բելառուսի հայ համայնքը հատուկ տոնական համերգ էր կազմակերպել Հայաստանի անկախության տոնի առթիվ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 20-ին Բելառուսի ազգային մամուլի կենտրոնում տեղի է ունեցել ՀՀ դեսպան, ԱՊՀ կառույցներում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի մամուլի ասուլիսը` նվիրված ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին:

ՀՀ դեսպանը ներկայացրել է անցած 20 տարիների ընթացքում Հայաստանի զարգացման ուղին, բարձր է գնահատել հայ-բելառուսական հարաբերությունները, ինչպես նաեւ կարեւորել ԱՊՀ դերը, որի ակտիվ մասնակիցն է Հայաստանը: Խոսելով առեւտրատնտեսական երկկողմ հարաբերությունների մասին` Հայաստանի դեսպանը ընդգծել է, որ վերջին տաս տարիների ընթացքում երկկողմ առեւտրաշրջանառության ծավալը աճել է ավելի քան 20 անգամ: Դեսպան Խաչատրյանը նաեւ նշել է, որ մայիսի 18-ին կայացած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնական այցի ընթացքում քննարկվել են առեւտրատնտեսական բնագավառներում եւ արդյունաբերական կոոպերացիայի խորացման նպատակով համագործակցության ընդլայնման հնարավորություններ, որոնց իրագործման համար կողմերը ներկայումս մանրակրկիտ եւ հետեւողական աշխատանքներ են տանում: Քաղաքական երկխոսության տեսանկյունից դեսպան Խաչատրյանը կարեւորեց վերջերս Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մինսկ կատարած այցելությունը եւ բովանդակալից բանակցությունները Բելառուսի նախագահի եւ արտգործնախարարի հետ:

Սեպտեմբերի 20-ին ԱՊՀ քարտուղարության շենքում ԱՊՀ կառույցներում ՀՀ մշտական ներկայացուցչությունը կազմակերպել էր ցուցահանդես, որին ներկա էին Մինսկում հավատարմագրված դեսպաններ եւ դիվանագետներ, ԱՊՀ գործադիր քարտուղարության աշխատակիցներ, ԶԼՄ-ի ներկայացուցիչներ: Միջոցառմանը ելույթ են ունեցել ԱՊՀ եւ այլ կանոնադրական կառույցներում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը, ինչպես նաեւ ԱՊՀ քարտուղարության պատասխանատու աշխատակիցներ, ովքեր բարձր են գնահատել Հայաստանի Հանրապետության դերը ԱՊՀ կառույցներում:

Սեպտեմբերի 21-ին ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ: Միջոցառմանը մասնակցել են Բելառուսի Հանրապետության իշխանության բոլոր ճյուղերի, երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների եւ միջազգային կազմակերպությունների, հայ համայնքի եւ Բելառուսի մտավորականության ներկայացուցիչներ:

Իր ելույթում ՀՀ դեսպանը հյուրերին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության 20-ամյա ուղին: Ողջույնի խոսքով հանդես է եկել Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Իգոր Պետրիշենկոն: Ընդունելության ընթացքում տեղի է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների կողմից կազմակերպված տոնական համերգ, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---