22 սեպտեմբերի 2011 - 19:56 AMT
Ազատ տնտեսական գոտիների ստեղծումը կնպաստի Հայաստանի ոսկերչական արդյունաբերության զարգացմանը

Ազատ տնտեսական գոտիների ստեղծումը կնպաստի Հայաստանի ոսկերչական արդյունաբերության զարգացմանը: Այդ մասին սեպտեմբերի 22-ին լրագրողներին է հաղորդել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության վարչության պետ Հայկ Միրզոյանը: «Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) անդամները շահագրգռված են ԱՏԳ ստեղծմամբ և այդ պայմաններում աշխատելու պատրաստակամություն են հայտնել»,- ասել է նա:

Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) ցուցահանդեսի շրջանակում Երևանում կայացել է «AJA դերը Հայաստանի ոսկերչական արդյունաբերությունը միջազգային ոսկերչական հանրությանը ինտեգրելու գործում» խորագրով համաժողով: Համաժողովի ընթացքում կքննարկվեն երկրի ոսկերչության ոլորտի զարգացման գործում Հայաստանի շահագրգռված պետկառույցների և առաջատար հայկական ոսկերչական ընկերությունների համագործակցության ճանապարհները:

Միրզոյանը հիշեցրել է, որ 2010-ի վերջին ընդունվել է ՀՀ օրենք «Ազատ տնտեսական գոտիների մասին»: Ներկա պահին նախարարությունը օրենքից բխող ենթաօրինական ակտերի փաթեթ է մշակել, որը շրջանառվում է համապատասխան գերատեսչություններում և այժմ դիտարկվում է կառավարության կողմից: Այս համատեքստում Հայկ Միրզոյանը հավելել է, որ մինչև տարվա վերջ այդ հարցում որոշակի առաջընթաց է հնարավոր:

Սեպտեմբերի 21-23 անցկացվող եռօրյա ցուցահանդեսին մասնակցում են հայազգի ոսկերիչներ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում` Միացյալ Նահանգներից, Կանադայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Թայլանդից, Լիբանանից: «Yerevan Show» ցուցահանդեսում ներկայացված են սփյուռքահայ մեր հայրենակիցներին պատկանող շուրջ 65 հայտնի ոսկերչական ֆիրմաների գործերը, ինչպիսիք են «Էստետ», «Haytayan», «Bergio», «Tacori», «Waskol», «Yessayan Jewellery» և մի շարք այլ ընկերություններ: