23 սեպտեմբերի 2011 - 09:59 AMT
Եվրոպայի ֆուտբոլի 2012թ. առաջնության ժամանակ Լեհաստանի մարզադաշտերում կթույլատրվի գարեջուր վաճառել

Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին օրենք է ստորագրել, որը փոփոխություններ է ներմուծում հանրապետության մի շարք իրավական նորմերի մեջ և ամրապնդում անվտանգության ապահովման համակարգը զանգվածային միջոցառումների, մասնավորապես` Եվրոպայի ֆուտբոլի 2012թ. առաջնության ժամանակ: Սակայն, օրենքի համաձայն, մարզադաշտերում թույլատրվում է գարեջուր վաճառել, ինչից լեհական երկրպագուները նախկինում զրկված էին:

Ինչպես նշում է Լեհաստանի ՆԳՆ-ը, հատուկ օրենքը «թույլ է տալիս զանգվածային միջոցառումների ժամանակ թույլ ալկոհոլային խմիչք վաճառել և օգտագործել», բայց թույլտվություն ստանալու դեպքում: «Բարձր ռիսկայնության հանդիպումների ժամանակ նման հնարավորություն չի լինի»,- զգուշացնում է գերատեսչությունը:

Բացի դրանից, առավել խիստ միջոցներ են ներմուծվում վտանգի մասին կեղծ նախազգուշացումների, գնված տոմսին հակառակ տրիբունաների միջև տեղափոխվելու, վտանգավոր առարկաներ կրելու, ինչպես նաև անօրինաբար մարզադաշտ խուժելու համար, հաղորդում է itar-tass.com-ը:

Անվտանգության նորմերը խախտելու դեպքում կարող է պատժվել նաև կազմակերպիչը, որը չի ապահովել հասարակական կարգի պատշաճ հսկողություն, բժշկական սպասարկում կամ օբյեկտների` նորմերին համապատասխան տեխնիկական վիճակ: Եթե կազմակերպիչը չի կատարել պահանջները և զանգվածային միջոցառումների մասնակիցների կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում, ապա խաղը կարող է ընդհատվել:

Լեհաստանում 2012թ. հունիսի 8-ից հուլիսի 1-ը Վրոցլավում և Պոզնանում կկայանան Եվրոպայի առաջնության նախնական փուլի երեք հանդիպումներ, Գդանսկում` նույն փուլի ևս երեք հանդիպումներ և մեկ քառորդ եզրափակիչ հանդիպում: Վարշավան կընդունի խմբային փուլի երեք հանդիպում, մեկ քառորդ եզրափակիչ և մեկ կիսաեզրափակիչ: Առաջնության մնացած հանդիպումները կկայանան Ուկրաինայում: