23 սեպտեմբերի 2011 - 14:11 AMT
Շուշիի կենտրոնի ամբողջ տարածքում գործում է անվճար Wi-Fi կապ զբոսաշջիկների համար

Սեպտեմբերի 20-ից մեկնարկել է Շուշի Wi-Fi ծառայությունը։ Ծրագիրը նախաձեռնել են Արցախի կրթական հիմնադրամը Ստեփանակերտի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի միջոցով:Ինչպես տեղեկացրեց PanARMENIAN.Net-ի թղթակցին Արցախի կրթական հիմնադրամի տնօրեն Վլադիմիր Գրիգորյանը, ծրագրի գաղափարը շուտ էր մշակվել, իսկ իրականացման համար խթան հանդիսացավ «ԲարՔեմփ Արցախ 2011-ը»։

«Այժմ Wi-Fi անլար ինտերնետ կապը ծածկում է ողջ Շուշին։ Մենք համապատասխան սարքավորումները տեղադրել ենք Շուշի Պլազա հյուրանոցի տանիքին, որն ամենաբարձր կետն է Շուշիում։ Այս սարքավորումները ինտերնետը տարածում են մինչև 30 կմ տարածության վրա»,- նշեց Վլադիմիր Գրիգորյանը։

Սա նշանակում է, որ Շուշիի կենտրոնի ամբողջ տարածքում՝ Սբ. Ղազանչեցոց եղեկեցու, Կանաչ Ժամ եղեկեղցու, ռեալական դպրոցի և մյուս տեսարժան վայրերում մինչև 2Մբ/վ արագությամբ ինտերնետ է գործելու։

Ըստ Վլադիմիր Գրիգորյանի, Wi-Fi անլար ինտերնետի միջոցով բոլոր հյուրերն ու զբոսաշրջիկները հեշտությամբ կկարողնան օնլայն վերբեռնել նկարներ ինտերնետ կամ տեղում տեղադրել տեղեկություններ Շուշիի մասին։ «Այս ծրագիրը Արցախի քարոզչության համար շատ լավ գործիք է»,-ավելացրեց նա։

WiFi ծառայության ինտերնետ մատակարարը «Արմինկո» ընկերությունն է։

Վլադիմիր Գրիգորյանի խոսքով, հետագայում նախատեսված է այսպիսի Wi-Fi գոտիներ ստեղծել Ղարաբաղի բոլոր տեսարժան վայրերում՝ սկսած Ամարասից մինչև Գանձասար։ Ծրագրի սկիզբը Ստեփանակերտի հրապարակում Wi-Fi գոտու ստեղծումն էր, ինչը հաջողությամբ գործում է։ 2-րդ փուլը Շուշին է, որին կհաջորդեն մյուս քաղաքները։