31 հուլիսի 2003 - 18:27 AMT
ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ՄԱՀԱՑԵԼ Է ԴԵՌԵՎՍ ՀՈՒԼԻՍԻ 26-ԻՆ, ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԸ
Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը վախճանվել է դեռեւս հուլիսի 26-ին ժամը 19.30-ին թուրքական «Գյուլհանե» ռազմական հոսպիտալում, որը գտնվում է Անկարայում: Այդ մասին հաղորդում է Կասպիական տեղեկատվական գործակալությունը` վկայակոչելով ադրբեջանական ընդդիմադիր «Ազադլիգ» թերթը: Աղբյուրի համաձայն, հուլիսի 15-ին նախագահին բերել են Բաքվի Բինա օդանավակայան, որտեղ նա կրկին վատացել է: Մի քանի րոպե անց, Ալիեւին նույն իքնաթիռով ետ են ուղարկել թուրքական հոսպիտալ: Մեկ այլ ընդդիմադիր «Ենի Մուսավաթ» թերթի հաղորդագրության համաձայն, ադրբեջանական իշխանությունները շտապ կարգով Բաքու են մտցրել հատուկ նշանակության զորքեր` բացատրելով դա վերջերս իրավիճակի բարդեցմամբ Լեռնային Ղարաբաղի հետ սահմանի վրա: Ինչպես գտնում են վերլուծաբանները, զորքերի մտցնումը պայմանավորված է Ադրբեջանում իրավիճակն ապակայունացնելու ընդդիմության ցանկացած փորձ կանխելու անհրաժեշտությամբ: Ադրբեջանի նախագահի մահվան հաստատում կարելի է համարել, իրենց կարծիքով, նաեւ վերջերս ընդդիմադիր եւ անկախ ադրբեջանական ԶԼՄ-ների ղեկավարների ձերբակալության փաստը: Հիշեցնենք, որ դեռեւս հուլիսի 23-ին «Ֆրանս Պրեսս» գործակալությանը անանուն դիվանագիտական աղբյուրները հաղորդել էին, որ, բուժող բժիշկների կարծիքով, Ադրբեջանի նախագահին մնացել է ապրել ընդամենը 2-3 օր: