23 սեպտեմբերի 2011 - 18:18 AMT
Ոստիկանություն. Երևանում վնասազերծված հանցախմբում չկան պաշտոնյաների զավակներ

Երևան քաղաքում վերջին շրջանում տեղի ունեցած ավազակային հարձակումների դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում իրականացված օպերատիվ-որոնողական և քննչական գործողությունների արդյունքում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը, ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը և Երևան քաղաքի վարչությունը 2011 թվականի սեպտեմբերի 23-ի վաղ առավոտյան վնասազերծել են հանցավոր կայուն մի խումբ, որը կասկածվում է մայրաքաղաքում իրականացված ծանր հանցագործություններ կատարելու մեջ:

Ոստիկանությունից հայտնում նե, որ ստացած օպերատիվ տվյալների համաձայն՝ հանցավոր խումբը ծրագրում էր իրականացնել նոր հանցագործություն, ինչը ձախողվել է ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում: Հանցավոր խմբի անդամները ոստիկանության աշխատակիցներին ցուցաբերել են զինված դիմադրություն, ինչը հաջողվել է կանխել և հանցավոր խումբը վնասազերծվել է: Հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ զենք և զինամթերք, հանցագործության գործիքներ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի հատկանիշներով: Բերման է ենթարկվել 13 անձ: Ոստիկաններին դիմադրություն ցույց տված և փախուստի դիմած անձանցից մեկը՝ մահացել է: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է տվյալ անձի ինքնությունը: Կատարվում է նախաքննություն պարզելու բերման ենթարկված անձանց մեղսակցությունն ու դերակատարության աստիճանը մայրաքաղաքում տեղի ունեցած ծանր հանցագործություններին:

Ինտերնետային լրատվամիջոցների հրապարակումները, թե որպես հանցավոր խմբի անդամ բերման ենթարկվածների թվում են տարբեր բարձրաստիճան պաշտոնատար անձանց որդիներ, իրականությանը չեն համապատասխանում:

Այսօր Մյասինկյան պողոտայում ոստիկանությունը ձեռնարկել էր օպերատիվ միջոցառում, որի արդյունքում վնասազերծվել էր ծանր հանցագործություն կատարելու մեջ կասկածվող ավազակախումբ։ Սա ամենայն հավանականությամբ այն նույն բանդան է, որի մասին Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը օգոստոսի 23-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասել էր. «Մայրաքաղաքում գործում է կայուն, զինված բանդա, որի բացահայտումը պետք է լինի առաջնային նպատակ»։ Ավազակախմբի անդամները զինված մտնում էին տները, կապկպում տան անդամներին և թալանում։

Չնայած Ոստիկանության պաշտոնական հայտարարությանը՝ առավոտվանից լուրեր են շրջանառվում ԶԼՄ-ներում, որ վնասազերծված խմբում կան պաշտոնատար անձանց որդիներ: