23 սեպտեմբերի 2011 - 19:09 AMT
ՀՀ նախագահը Հարավային Կովկասում խաղաղության պահպանմանը իր նվիրումի համար պարգևատրվել է «Էլլիս կղզի» մեդալով

Աշխատանքային այցով սեպտեմբերի 22-ին ԱՄՆ ժամանած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Էլլիս կղզի, որտեղ այցելել է Ներգաղթի թանգարան, դիտել՝ 1915թ. Հայոց ցեղասպանությանը և Էլլիս կղզով Միացյալ Նահանգներ ներգաղթած ցեղասպանությունից փրկված հայերի հիշատակին նվիրված ցուցադրությունը: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, նախագահ Սարգսյանին կղզում հյուրընկալել և ուղեկցել են Միացյալ Նահանգների «Կազմակերպությունների ազգային էթնիկական կոալիցիայի» (ԿԱԷԿ) նախագահ Նասեր Կազեմինին, ԿԱԷԿ-ի խորհրդի անդամներ, ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ: ԿԱԷԿ նախագահ Նասեր Կազեմինին Սերժ Սարգսյանին շնորհել է «Էլլիս կղզի» պատվո մեդալը` ԱՄՆ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման գործում Սերժ Սարգսյանի ունեցած ներդրման, Հարավային Կովկասում խաղաղության պահպանմանը նրա նվիրումի, ինչպես նաև Հայաստանում ներգաղթյալների արդյունավետ ինտեգրման ուղղությամբ գործունեության համար: Ընդգծվել է, որ պատվո մեդալի շնորհման 25-ամյա պատմության ընթացքում Սերժ Սարգսյանն առաջին օտարերկրյա ղեկավարն է, ով արժանացել է այդ պատվին: Մինչ այժմ ԿԱԷԿ-ի «Էլլիս կղզի» պատվո մեդալով պարգևատրված հազարից ավելի անձանց թվում եղել են ԱՄՆ 6 նախագահներ, տասնյակ պետքարտուղարներ, սենատորներ, կոնգրեսականներ, Նոբելյան մրցանակակիրներ, արվեստագետներ ու ձեռնարկատերեր:

Նշելով, որ ՀՀ նախագահի այցելությունը, հատկապես ՀՀ անկախության 20-ամյա հոբելյանի տոնակատարության օրերին, պատմական իրադարձություն է, Նասեր Կազեմինին ասել է, որ Սերժ Սարգսյանը մարդ է, ով հանուն իր երկրի պայքարել է, ում` ազատ և ծաղկուն Հայաստանի տեսլականը վայելում է ամերիկյան կառավարության ու աշխարհի կառավարությունների աջակցությունը: «Իսկ ամենակարևորը` նա խաղաղության ու հանդուրժողականության երկխոսություն ծավալեց հարևանների հետ` իր ժողովրդին առավելագույնս մոտեցնելով խաղաղությանը»,- ընդգծել է նա:

Հայաստանի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել Էլլիս կղզու պատվո նշանով իրեն պարգևատրելու համար` ասելով, որ հուզմունքով և հպարտությամբ է ընդունում այդ պատվո նշանը, քանի որ Էլլիս կղզով են անցել նաև Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած տասնյակ հազարավոր հայեր: Ժամանել են, հաստատվել, նոր կյանքի հիմք դրել և շատ արագ դարձել Միացյալ Նահանգների լավ քաղաքացիներ, ձևավորելով ամուր ազգային համայնքներից մեկը,որը զգալի ներդրում է ունեցել ԱՄՆ-ի հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական կյանքում»,- նշել է նա:

Պարգևատրման արարողությունից հետո ԿԱԷԿ նախագահ Նասեր Կազեմինիի կողմից կազմակերպվել է ընդունելություն` ի պատիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի: