
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ ղարաբաղյան կարգավորման գծով Մինսկի խմբի միջնորդներ Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահ Անջեյ Կասպրշիկի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել է բանակցային գործընթացը, նշվել է այն շարունակելու անհրաժեշտությունը:
Ինչպես հայտնում է «ԱՊԱ»-ն, Մամեդյարովը նշել է, որ «հայկական կողմը հրաժարվել է նորացված Մադրիդյան սկզբունքներից և այդպիսով սպառնալիքի տակ դրել խաղաղ գործընթացը»: Ըստ նրա, զգալի առաջընթաց հնարավոր է միայն այն դեպքում, եթե հայկական կողմն ընդունի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից 2009թ. դեկտեմբերին Հայաստանին ու Ադրբեջանին ներկայացված փաստաթուղթը:
Ադրբեջանի ԱԳ նախարարը ասել է, որ որքան շուտ հայկական կողմը գիտակցի «գրավյալ տարածքներից» զորքերը դուրս բերելու անհրաժեշտությունը, այնքան շուտ կհաստատվի խաղաղություն ու կայունության, ինչն ավելի կանխատեսելի կդարձնի տարածաշրջանը:
Ղարաբաղյան կարգավորման հիմնական սկզբունքները հայտնի են որպես Մադրիդյան սկզբունքներ և ներկայացվել են կողմերին 2007թ. նոյեմբերին Մադրիդում: Մադրիդյան սկզբունքների դրույթներն են Լեռնային Ղարաբաղի մերձակա տարածքների վերադարձը Ադրբեջանին, միջանկյալ կարգավիճակի շնորհումը Լեռնային Ղարաբաղին, տարածաշրջանի անվտանգության ու ինքնակառավարման ապահովումը, միջանցքի պահպանումը Հայաստանի ու ԼՂՀ միջև, ապագայում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը բնակչության պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտման հիման վրա, փախստականների և տեղահանվածների վերադարձը նախկին բնակության վայրեր, անվտանգության միջազգային սկզբունքներ:
ՌԴ նախագահի նախաձեռնությամբ հունիսի 24-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների՝ Կազանում կայացած գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Ինչպես հայտնել է Հայաստանի ԱԳ նախարարը, կողմերին չի հաջողվել համաձայնության գալ, որովհետև Ադրբեջանի նախագահը վերջին պահին 10 նոր փոփոխություն է ներկայացրել: