24 սեպտեմբերի 2011 - 12:10 AMT
Արցախում առաջարկում են Ալիևին «ինքնավարության եվրոպական մոդել» տրամադրել սեփական ազգային փոքրամասնություններին

Ալիևի հայտարարություններն այն մաիսն, որ ԼՂՀ-ում կարող է կիրառվել «ինքնավարության եվրոպական մոդել», առաջին հերթին վիրավորական է միջազգային հանրության համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչության պետ Դավիթ Բաբայանը: Ըստ նրա, Ադրբեջանի իշխանությունները հաճախ հանդես են գալիս նման հայտարարություններով տարբեր միջազգային համաժողովներում, «սակայն, նման հայտարարություններ անելով, Բաքուն մոռանում է որոշ էական մանրամասների» մասն: Մասնավորապես, Բաբայանը նշել է, որ Ադրբեջանն ու Եվրոպան ունեն միանգամայն տարբեր մտածելակերպ ու փիլիսոփայություն: «Նման մոդելի կիրառումը ոչ միայն անիրական է նման բռնատիրական երկրում, այլ նաև վիրավորական է միջազգային հանրության համար»,-ասել է նա: Դավիթ Բաբայանը նշել է, որ խոսելով Լեռնային Ղարաբաղին ինքնավարության եվրոպոկան մոդել տրամադրելու մասին, Ալիևն առաջին հերթին պետք է նման մոդել տրամադրի սեփական ազգային փոքրամասնություններին, որոնք մշտական ճնշման ներքո են ապրում: «Բացի այդ, Ադրբեջանի ղեկավարության բոլոր այդ խոսակցություններն անիմաստ են, քանի որ ոչ ոքի մտքով չի անցնի անկախ պետության կարգավիճակը փոխել ինքնավարության հետ»,-ասել է նա՝ հավելելով, որ ԼՂՀ-ն երբեք չի լինի Ադրբեջանի կազմում և «ժամանակն է , որ Ադրբեջանն ընտելանա այդ մտքին»: