24 սեպտեմբերի 2011 - 13:42 AMT
Սեզարիա Էվորան հեռանում է բեմից

Հռչակավոր երգչուհի Սեզարիա Էվորան վատառողջ լինելու պատճառով հեռանում է բեմից, այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Երևանյան հեռանկարներ» փառատոնի մենեջեր Սոնա Հովհաննիսյանը: Նրա խոսքով երեկ ուշ երեկոյան Էվորայի մենեջերները նամակ են հղել բոլոր այն երկրների ներկայացուցիչներին, որտեղ երգչուհին պետք է համերգ տար և նշել, որ Էվորայի վիճակը ծանր է և նա այլևս ի վիճակի չէ ելույթ ունենալ բեմում:

Ինչ վերաբերում է երևանյան համերգի չեղյալ հայտարարելուն, Հովհաննիսյանը նշեց, որ նա և համերգի կազմակերպիչ «Խրոնոգրաֆ» ընկերության ներկայացուցիչները ժողով են կազմակերպելու, որից հետո պարզ կդառնա, արդյո ՞ք սեպտեմբերի 29-ին Էվորայի փոխարեն «Երևանյան հեռանկարներ» փառատոնին մեկ այլ երաժիշտ կհրավիրվի Հայաստան, թե ընդհանրապես համերգ չի կայանա:

Սեզարիա Էվորան օրերս իր հյուրախաղերի շրջանակներում ժամանել էր Փարիզ, սակայն նրա առողջական վիճակն այնքան էր վատացել, որ նա որոշել է չեղյալ հայտարարել բոլոր համերգներն ու հրաժեշտ տալ բեմին:

Սեզարիա Էվորան ծնվել է 1941 թ. օգոստոսի 27-ին, Կաբո Վերդեի Մինդելոուում: Նա «Գրեմմի» մրցանակի մրցանակակիր է, հեղինակավոր ֆրանսիական Vitoire de la Musique մրցանակակիր: Իր առաջին ալբոմը երգչուհին լույս է ընծայել 1987թ., երբ նա 45 տարեկան էր: Այժմ նա ունի շուրջ 10 ձայնասկավառակ և հայտնի է ողջ աշխարհում:

Սեզարիա Էվորնա բեմ էր դուրս բալիս ոտաբոբիկ: Նա ռետինե հողաթափեր էր կրում միայն այն երկրներում, որտեղ կլիման տաք չէր: