24 սեպտեմբերի 2011 - 14:38 AMT
Սերգեյ Մինասյան. Մամեդյարովի հայտարարությունները «ուշացած քայլեր են» բանակցային գործընթացում

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հայտարարություններն այն մասին, թե բանակցությունները ղարաբաղյան կարգավորման շուրջ ձախողվեցին այն պատճառով, որ Հայաստանը հրաժարվեց նորացված Մադրիդյան սկզբունքներից, կարող է գնահատվել որպես «երեկ չէ առաջի օրվա» քայլ: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել փորձագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

«Դա արդեն այնպիսի վաղուցվա պատմություն է, որից հետո բազմաթիվ փոփոխություններ ու իրադարձություններ են կատարվել»,-ասել է նա՝ հավելելով, որ նույն հաջողությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն կարող էր հիշել 90-ականների իր մյուս առաջարկները, կամ Քի Վեսթը, գտնում է հայ փորձագետը:

Փորձագետը հավելել է, որ Ադրբեջանի նման հայտարարությունները հիմնավորված չեն, քանի որ վերջին առաջարկները, որ արվել են Կազանում, ձախողվել են հենց ադրբեջանական կողմի պատճառով:

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որի ժամանակ նշել է, որ «հայկական կողմը հրաժարվել է նորացված Մադրիդյան սկզբունքներից և այդպիսով սպառնալիքի տակ է դրել խաղաղ բանակցությունների գործընթացը»,-հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: