24 սեպտեմբերի 2011 - 16:11 AMT
Սերժ Սարգսյան. Մոտենում է Ցեղասպանության 100-ամյակը և բոլորիս ջանքերի համադրմամբ այն պետք է լինի բեկումնային

«Շատ լավ պատկերացնում եմ, թե որքան բարդ էր, առավել ևս Սփյուռքի մեր հայրենակիցների համար, ընկալել և ընդունել Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ հաստատելու մեր նախաձեռնությունը»: Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության ու ամերիկահայ կազմակերպությունների կողմից կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ ունեցած իր ելույթում: «Պատահական չէ, որ այդ նախաձեռնության շրջանակներում առաջին անգամ նորանկախ Հայաստանի պատմության մեջ իրականացվեց ՀՀ Նախագահի համահայկական ուղևորությունը, և փորձեցի անձամբ լսել ու մեր մոտեցումները ներկայացնել աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերին: Կիսել և հասկացել եմ Սփյուռքի մեր հայրենակիցների կողմից հնչեցված մտահոգություններն ու քննադատությունը: Այս ամենի հետ մեկտեղ, մնում եմ համոզված, որ, անկախ արդյունքներից, Հայաստան-Թուրքիա գործընթացի նախաձեռնությունը ժամանակին էր և նախաձեռնության արդյունքում մենք ունենք միջազգային հեղինակության տեսակետից այլ Հայաստան, մեր ազգային խնդիրների իմաստով՝ ավելի ամրացած Հայաստան, ամրացած Սփյուռք, ամրացած Սփյուռք-Հայաստան կապեր»,-ասել է Սերժ Սարգսյանը, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: :

«Արձանագրությունները մնում են չվավերացված, Հայաստան-Թուրքիա սահմանը մնում է փակ, Թուրքիայի թշնամական գործողությունները Հայաստանի նկատմամբ շարունակվում են, սակայն, եթե Թուրքիայի իրական դեմքը հայտնի էր հային, աշխարհի որ ծայրում էլ նա լիներ, այժմ, նշված գործընթացի արդյունքում, Թուրքիայի դեմքը բացահայտվեց նաև աշխարհի համար: Մենք շարունակելու ենք մեր միասնական գործողությունները Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: Մոտենում է Ցեղասպանության 100-ամյակը, և բոլորիս ջանքերի համադրմամբ այն պետք է լինի բեկումնային՝ միջազգային ճանաչման և դատապարտման իմաստով»,-ասել է նա:

«Խոնարհվելով մեր անմեղ զոհերի հիշատակի առջև, մենք, որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, շարունակելու ենք հնչեցնել բոլորին ուղղված մեր ուղերձն ու ահազանգը` հանուն ողջ մարդկության և քաղաքակիրթ աշխարհի. մենք պարտավոր ենք զերծ պահել մեր մոլորակը համամարդկային աղետներից»,-ասել է նախագահը: