Ղարաբաղյան հիմնահարցում Ադրբեջանը կրկին մեղքն ուրիշի վրա է բարդում

Ղարաբաղյան հիմնահարցում Ադրբեջանը կրկին մեղքն ուրիշի վրա է բարդում

PanARMENIAN.Net - Կազանի հանդիպումից հետո ոչ մի քայլ չի կատարվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, շաբաթ օրը լրագրողներին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Արազ Ազիմովը:

«Վերջերս նախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում հանդիպումներ է անցկացրել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ, բայց ես չեմ հավատում, որ այնտեղ ինչ-որ առաջընթաց է եղել, քանզի համանախագահները հասկանում են, որ փոփոխություններ պետք է լինեն Հայաստանի դիրքորոշման մեջ»,- ասել է Ազիմովը, հաղորդում է Trend-ը:

ՌԴ նախագահի նախաձեռնությամբ հունիսի 24-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների՝ Կազանում կայացած գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Ինչպես հայտնել է Հայաստանի ԱԳ նախարարը, կողմերին չի հաջողվել համաձայնության գալ, որովհետև Ադրբեջանի նախագահը վերջին պահին 10 նոր փոփոխություն է ներկայացրել: Կազանյան հանդիպման ձախողումից հետո Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Երևանին ու Բաքվին ղարաբաղյան գործընթացի վերաբերյալ իր առաջարկներն ուղղեց, որոնք փոխանցեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Հայաստանն ու Ադրբեջանն արդեն ուղղել են իրենց պաշտոնական պատասխանները Մեդվեդևի առաջարկներին:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---