
Հայաստանի հրաձգության հավաքականը սեպտեմբերի 21-ին մեկնեց Ուկրաինա` մասնակցելու սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը Լվով քաղաքում կայանալիք Ուկրաինայի Հրաձգության բաց առաջնությանը:
Հավաքականը մեկնեց 12 հոգանոց կազմով, որոնցից 3-ը մարզիչներն են` Անդրանիկ Այվազյանը, Գագիկ Մելոյանը և ավագ մարզիչ Սեյրան Նիկողոսյանը: Մեկնելու իսկ հաջորդ օրը հայ հրաձիգները մասնակցել են Լվով մարզի Հրաձգության բաց առաջնությանը և գրանցել բարձր ցուցանիշներ:
Ատրճանակ ձևից 568 և 530 միավորով 2 արծաթե մեդալ է նվաճել Նորայր Առաքելյանը, իսկ Աստղիկ Ղուկասյանը 358 միավորով զբաղեցրել է 9-րդ տեղը:
Հրացան ձևից ամենաբարձր` 4-րդ տեղը զբաղեցրել է Իրինա Աղաջանյանը 392 միավորով, Հրաչ Բաբայանը 574 միավորով վաստակել է 6-րդ տեղը, իսկ Սուրեն Բերյանը 10-րդ տեղում է հայտնվել 558 միավորով:
Շարժական թիրախ ձևից 334 և 558 միավորով հավաքականին ոսկե մեդալներ են բերել համապատասխանաբար Լիլիթ Մկրտչյանն ու Արթուր Պետրոսյանը, իսկ Մարգարիտա Մոսյանը (293 միավոր) և Ռազմիկ Մինասյանը (505 միավոր) արծաթե մեդալներ են նվաճել:
Վաղվանից հայ հրաձիգները կմեկնարկեն իրենց ելույթները Ուկրաինայի Հրաձգության բաց առաջնությունում: