26 սեպտեմբերի 2011 - 13:05 AMT
«Յուքոմ»-ը ձեռք է բերել նոր համարային շարք

«Յուքոմ» ընկերությունն այսօր հայտնեց նոր համարային շարքի ձեռքբերման մասին։ Այժմ բացի՝ 060 44 համարներից բաժանորդները կարող են ձեռք բերել 060-50, -51, -52, -53, -54 թվերով սկսվող հեռախոսահամարներ։ Այս լուրը հայտնեցին ընկերության տնօրեն Հայկ Եսայանը և կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը մամլո ասուլիսի ժամանակ։

««Յուքոմ»-ն ունի 10 000 համարային շարք։ Մեր բաժանորդների 70%-ն ամեն օր զանգեր է կատարում», - ասաց Հայկ Եսայանը։

Նրա խոսքով մինչև հոկտեմբերի երկրորդ կեսը «Յուքոմը» հասանելի կլինի նաև մայրաքաղաքի Շենգավիթ համայնքում, հաջորդը կլինի Աջափնյակ համայնքը։ Այժմ ընկերությունը ծածկում է մայրաքաղաքի 50%-ը։

Բացի այս լուրերից ընկերության տնօրենը և կոմերցիոն տնօրենը հայտնեցին, որ այսօր կբացվի «Յուքոմ»-ի թվով 9-րդ մասնաճյուղը Հյուսիսային պողոտայում։